«Truth to Power». Հայտնի է՝ երբ էկրաններ կբարձրանա Սերժ Թանկյանի մասին ֆիլմը

«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի մասին «Truth to Power» ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։

Rolling Stone-ի հաղորդմամբ՝ վավերագրական ֆիլմը կպատմի երաժիշտի կյանքի և կարիերայի մասին։ Այն բացառիկ հարցազրույցներ կներառի Թանկյանի հետ, ինչպես նաև կներկայացնի նրա անձնական կադրերից:

«Այն պատմում է, թե ինչպես են սոցիալական արդարության որոնումները երգչին ուղեկցել երիտասարդ տարիքից, և ինչպես է նա կարողացել երաժշտությունն օգտագործել փոփոխությունների իր ուղերձը հասցնելու համար»,- նշել է պարբերականը։ «Truth to Power»-ը նաև ցույց է տալիս, թե ինչպես է Թանկյանը երաժշտություն գրում։ Դրանում ներառված կլինեն հարցազրույցներ «System of a Down»-ի մյուս անդամների, պրոդյուսեր Ռիք Ռուբինի, ինչպես նաև կիթառահար Թոմ Մորելոյի հետ։ «Truth to Power» ֆիլմի ռեժիսորը Գարին Հովհաննիսյանն է։

Պարբերականը հիշեցրել է, որ Թանկյանն ու «System of a Down»-ի մյուս անդամները վերջերս միավորվել են՝ 15 տարվա դադարից հետո երգեր ձայնագրելու համար։ Երկու նոր երգերը՝ «Protect the Land» և «Genocidal Humanoidz», ձայնագրվել են՝ բարձրացնելու համար տեղեկացվածությունը Արցախում ճգնաժամի մասին։ Rolling Stone-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ խումբը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում երգերն իրենց օգնել են 600 հազար դոլար հավաքել օգնության համար։