«Անդադար լաց էի լինում, անընդհատ վատ երազներ տեսնում ու դրանցից վեր թռչում»․ Նազիկ Բաղդասարյանը՝ պատերազմի ընթացքում իր ապրումների և նոր տեսահոլովակի մասին

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը օրերս ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ Սասնո օրոր «Րուրի» անունով։ Երգը նվիրվում է 2020 թվականի արցախյան պատերազմում ընկած մեր հայորդիներին։

ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ, ով մեզ հետ կիսվել է նոր տեսահոլովակի ստեղծման պատմությամբ, այս օրերի իր ապրումներով և այլ նորություններով։

«Ունեմ նոր տեսահոլովակ պատերազմի մասին։ Վայրը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները, Սասունցի Դավիթ կայարանն է։ Վաղուց էինք որոշել այդտեղ նկարահանումներ իրականացնել և հենց պատերազմի ընթացքում հասկացանք, որ շատ լավ տեղ ենք ընտրել նկարահանումների համար, քանի որ շատ հարմար էին թե՛ ակուստիկ պայմանները, թե՛ միջավայրն ու ստեղծված տրամադրությունը»,- պատմում է դերասանուհին։

Նազիկը հիշում է, որ պատերազմի սկզբում ստեղծագործելու շատ մեծ ցանկություն է ունեցել․ «Քանի որ էմոցիոնալ առումով երբ շատ ես լցվում, կարիք ունես այն մի տեղ դատարկելու։ Շատ ուրիշ բան ստացվեց, նախօրոք այդպես չէինք ծրագրել։ Ընտրվեց օրորոցային երգ՝ իր զինվորին սպասող մոր երգը»։

Խոսելով ապրումների և այդ օրերի իր ծանր հոգեվիճակի մասին՝ դերասանուհին պատմում է․ « Ես հավատում եմ, որ բոլորն են ծանր տարել պատերազմի ընթացքը, բայց ես առանձնակի էմոցիոնալ մարդ եմ, անդադար լաց էի լինում, անընդհատ վատ երազներ էի տեսնում ու դրանցից վեր թռչում։ Ճիշտ է՝ հարազատ չեմ ունեցել առաջնագծում, բայց բոլորն էլ մեր տղաներն են»։

Հենց այդ շրջանում էլ դերասանուհին առաջարկ է ստացել նկարահանվելու «Հերոսական նովելներ»-ում։ «Կարելի է ասել, որ դա շատ լավ հնարավորություն էր արտահայտելու իմ մեջ կուտակված էմոցիաները։ Նամանավանդ այն առումով, որ նախագծում նկարահանվում էր նաև իմ ամուսինը»,- նշում է Նազիկը։

Այս բարդ իրավիճակից հետո յուրաքանչյուրը յուրովի փորձում է վերականգնվել և ինչ-որ կերպ վերադառնալ կյանքի բնականոն հունին։ «Ես անկեղծ եմ ասում, եթե մեր թատրոնը չգործեր, ես չէի կարողանա վերադառնալ իմ բնականոն կյանքին։ Պատերազմական ընթացքն ինձ համար այնքան բարդ ու ծանր է անցել, որ անգամ հիշելուց այդ զգացողությունները կրկին վերապրում եմ։ Այդ ընթացքում ես մշտապես վազքի մեջ եմ եղել, փորձում էինք թեկուզ մի փոքր բանով նրանց օգտակար լինել։ Գիշերը չէի կարողանում քնել՝ մտածելով, որ վաղը գնամ, ում պետք է օգնեմ, կհասցնեմ արդյո՞ք ինչ-որ բանով ևս մեկին օգտակար լինել։ Ու ես չեմ պատկերացնում, որ դրանից հետո կարելի է այքան շուտ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին»։

Դերասանուհու խոսքերով՝ այս ընթացքում իր հետ միասին իր փոքրիկ որդին ևս օգնել և կամավորությոն է արել։ «Երեխաս ինձ հետ հավասար շատ անգամներ եկել է ու փորձել իր հնարավորությունների չափով ինչ-որ բանով օգնել մեզ։ Ինձ հետ շորեր է դասավորել արցախցի երեխաների համար, իր խաղալիքներից է ընտրել և ուղարկել այդ երեխաներին։ Այսինքն՝ երբ տանը այդ մթնոլորտն է, ինչքան էլ փորձես երեխային հեռու պահել, մեկ է՝ չի ստացվում։ Ու ես չեմ էլ ուզել նրան հեռու պահել, որովհետև ինքն արդեն մեծ երեխա է և պետք է հասկանա, թե իր շուրջն ինչ է կատարվում։ Ես նրան բացատրում էի, որ այս պահին կա մեկը, ով դրանց կարիքն ավելի ունի, և նա ինձ հետ հավասար հագուստ, խաղալիք կամ քաղցրավենիքներ էր դասավորում նրանց համար»,- կիսվում է դերասանուհին։

Հեղինակ՝ Լուս Ավագյան