«Նա ներքին ահաբեկչություն է հրահրել»․ Լեդի Գագան, Քերրի Վաշինգտոնը և մի շարք այլ աստղեր պահանջում են Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել - Showbiz.am

«Նա ներքին ահաբեկչություն է հրահրել»․ Լեդի Գագան, Քերրի Վաշինգտոնը և մի շարք այլ աստղեր պահանջում են Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել

Մի շարք ամերիկյան աստղեր, այդ թվում՝ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան, դերասաններ Քերրի Վաշինգտոնը և Մարկ Ռուֆալոն, հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա հարձակումից հետո կոչ են արել գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնանկության նոր գործընթաց սկսել։

Twitter-ում իր ավելի քան 83 միլիոն հետևորդներին հղած ուղերձում երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատուն և հրահրողը Թրամփն է եղել։

«Հույս ունեմ՝ մենք կենտրոնանալու ենք Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց հայտարարելու վրա, որպեսզի Կոնգրեսը սահմանադրական լիազորություններ ունենա նրան հետագայում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու համար․ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը չի զրկի նրան այդ հնարավորությունից։ Նա ներքին ահաբեկչություն է հրահրել։ Դեռ որքա՞ն բռնություն պետք է տեղի ունենա։ Այդ ամենն ահաբեկչություն էր»,- գրել է Գագան։

Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու կոչով է հանդես եկել նաև դերասանուհի Քերրի Վաշինգտոնը։

«Հենց հիմա հեռացրե՛ք Թրամփին։ Կապվե՛ք ձեր ներկայացուցչի հետ»,- գրել է դերասանուհին։

Հայտնի դերասան Մարկ Ռուֆալոն, հրապարակելով Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների կադրերը, գրել է․ «Նենսի Փելոսի և Դեմոկրատական կուսակցություն, անհամբեր սպասում ենք ձեր քայլերին։ Ժամանակն է՝ պաշտոնանկության գործընթաց սկսել Թրամփի դեմ և նրան հեռացնել իր պաշտոնից»։

Մինչդեռ, ամերիկացի երգչուհի, ռեփ կատարող Քարդի Բին առաջարկել է պաշտոնանկության գործընթացի փոխարեն Թրամփին բանտ նստեցնել։

Նախօրեին ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Քեթրին Քլարկը հայտարարել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նոր գործընթացը կարող է ձեռնարկվել հաջորդ շաբաթվա կեսին:

«Գործընթացը կսկսվի արդեն հաջորդ շաբաթվա կեսերին։ Դոնալդ Թրամփին պետք է հեռացնել պաշտոնից։ Եվ մենք կգործենք՝ օգտագործելով առկա բոլոր գործիքները»,- ասել էր օրենսդիրը՝ CNN հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնանկության ընթացակարգի հնարավոր մեկնարկի ժամկետի հարցը:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ