Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բասյանը

Ճանաչված սննդաբան Լիլիթ Բասյանը Instagatm-ի իր էջում մի քանի խորհուրդ է տվել բոլոր նրանց, ովքեր ուզում են նիհարել` այդ համատեքստում ընդգծելով քնի կարևորությունը։
«Առողջ մարդու քունը պետք է լինի 6-8 ժամ: Քունը կարևոր դեր է խաղում հետևյալ հորմոնների դեպքում` սերոտոնին, մելատոնին, լեպտին և գրելին։ Այս հորմոնները պատասխանատու են քաղցի և հագեցվածության զգացողության համար։ Անքնությունը հանգեցնում է սթրեսի։ Այս դեպքում խոսքը կորտիզոլի ՝ սթրեսի հորմոնի մասին է: Քնի հետ կապված խնդիրները խթանում են կորտիզոլի արտադրությունը, որը խանգարում է ոչ միայն քաշի կորստին, այլև մկանների ավելացմանը: Այն խթանում է սպիտակուցների տարրալուծումը և բարձրացնում արյան մեջ գլյուկոզի մակարդակը»,–գրել է Բասյանը: ⠀

Նրա խոսքով` եթե մարդը նիհարում է, ապա ցանկալի չէ քնել ժամը 23.00-ից ուշ, այլապես կզրկվի առավելագույն ճարպ այրող հորմոններից:
«Եթե ցանկանում եք նիհարել, կարևոր են ոչ միայն սպորտը և սննդակարգը, այլև քնելը: Վատ քունն ազդում է նաև մոտիվացիայի վրա. քնի խանգարումն իրականում թուլացնում է ուղեղի ճակատային ակտիվությունը, որը պատասխանատու է որոշումներ կայացնելու և ինքնատիրապետման համար: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի պակասը կարող է մեծացնել ձեր կախվածությունը կալորիական, ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդամթերքներից»,–ընդգծել է սննդաբանը:

Նշենք, որ Լիլիթը շատ ակտիվ է սոցցանցերում։
Նա հաճախ է ցուցադրում իր այն հաճախորդների արդյունքները, որոնք կարճ ժամանակում ազատվում են ավելորդ քաշից։ Սննդաբանը նաև կազմակերպում է ավելորդ քաշից ազատվելու անվճար մարաթոններ, որոնց ընթացքում տալիս է հեշտ և անցնցում նիհարելու ավելի քան 14 օրվա սննդակարգ, իսկ հաղթող մասնակիցները ստանում են սննդաբանի ծառայության անվճար փաթեթներ։