«Մեր վերջին ուրախ օրը». Մարիամ Ալեքսանյանի գրառումը եղբոր ծառայության մասին

Մարիամ Ալեքսանյանը նոր հրապարակում է արել՝ խոսելով եղբոր ծառայության ու պատերազմի ընթացքում ապրումների մասին։
«Պարզ հիշում եմ 2 տարի առաջ հունվարի 11-ը, լսեցի «Արցախ» բառն ու սկսեցի արտասվել: Հիշում եմ՝ գոռում էի՝ «գոնե ո՛չ Արցախ» ու անջատված արտասվում (դե, նորմալ էր, բոլորի ռեակցիան այդպես էր լինում) :
2 տարի ամեն օր աղոթում էի, որ պատերազմ չլինի, խաղաղ տուն գան, քանի որ 2016-ին մյուս երկու եղբայրս Արցախում էին ու կրկին պատերազմի մասնակից:
Ինստիտուտում էր սովորում, այդ պատճառով ծառայեց որպես տանկի հրամանատար: Ծառայում էր Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: 1,5 տարի ծառայեց խաղաղ ու շատ լավ: Զանգում էր, ասում՝ «քուրս, նորից պարգեւատրեցին եղբորդ»:

Շատ լավ է ծառայել, շատ, բայց…
Ինքս ինձ հույս էի տալիս, որ դժվար էլ լինի, այսքան շուտ պատերազմ չի սկսվի, չէ, հաստատ չի լինի:
Սեպտեմբերի 26-ին մայրիկիս ծնունդն էր, մեր վերջին ուրախ օրը: Թե ինչպես արթնացա ու իմացա, կարծում եմ՝ պատերացնում եք: Սարսափելի օրեր էին, չկան բառեր նկարագրելու: Ամեն օր շարունակում եմ աղոթել ու հավատալ, որ նորից չենք ապրի այդ օրերը ու «խաղաղություն» բառը գիտակցված կապրենք:
Եղբայրս դեռ չի զորացրվել, բայց հուսանք՝ մի քանի օրից հրամանը կգա: Ու խնդրում եմ չշնորհավորել (մի քանիսն արդեն գրել էին)» ,- գրել է դերասանուհին: