«Կեսարի Խրախճանքը»․ Արշալույս Հարությունյանն ու Սենիկ Բարսեղյանը՝ 18+ ներկայացման մանրամասների վերաբերյալ

 

Երկարատև դադարից հետո, հունվարի 17-ին Կամերային թատրոնի բեմում տեղի ունեցավ «Կեսարի Խրախճանքը» ներկայացման պրեմիերան, որի ժամանակ դահլիճի էմոցիաներն ու էներգետիկան խեղդում էր բառի ամենալավ իմաստով։
Բեմադրության հեղինակը Արշո Հարությունյանն է, ով Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, թե որքան փորձություններ է հաղթահարել մինչև ներկայացման պրեմիերան և ինչո՞ւ է ընտրել Էդվարդ Ռադզինսկու հենց այս ստեղծագործությունը։

«Կամերային թատրոնում 1982 թվականին Արա Երնջակյանը ներկայացում էր բեմադրել  «Նեյրոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» ստեղծագործության հիման վրա։
Հիմա ես եմ այն բեմադրել, անվանել եմ «Կեսարի Խրախճանքը»,- պատմում է Արշո Հարությունյանն ու հավելում,-«Կարծում եմ շատ արդիական նյութ է դաժան Կեսարի մասին, որին դաստիարակել է գերագույն փիլիսոփան։ Խորագիրը ներկայացման հենց այդպիսին է՝ «Մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին»։
Բարոյախոսն այս դեպքում Ներոնի ուսուցիչն է՝ Սենեկան, որն ամեն ինչ անում էր, որպեսզի Ներոնը լինի բարեկիրթ երիտասարդ և հարգի հռոմեական ազատությունն ու օրենքները, բայց Ներոնը դարձավ պատմության ամենաարյունարբու կերպարներից մեկը։
Այստեղ տեսնում ենք, թե մարդկային դաժանությունն ինչի կարող է հասնել ու Կեսարի խրախճանքն ինչի կարող է բերել»։ 

Ռեժիսորը ցավով նշում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ չէր ստացվում բեմադրել այս ներկայացումը ու բացատրում է, թե ինչու․ «Այս ներկայացումը բեմադրելու մտահղացումը կար դեռ վաղուց՝ մինչև կորոնավիրուսը։ Մենք սկսել էինք մեծ թափով, փորձեր էինք անում, բայց սկսվեց կարանտինը, երկար ժամանակ ոչինչ չէինք կարողանում անել, եղավ ընդմիջում։
Երբ այն ավարտվեց ու արդեն թույլտվություն կար փորձեր անելու, սկսվեց պատերազմը, ու ես մեկնեցի ռազմաճակատ։
Հետո վերադարձել եմ արդեն հուսահատ, կոտրված, ջարդված։ Բայց միևնույն ժամանակ հասկանում էի, որ ինչ-որ ձև ապրել, այնուամենայնիվ, պետք է ու մանավադ ինչ-որ բան ասել է պետք։ Քանի մեր երկրում կյանքը գնալով բարդանում էր, այդքան այս թեման ավելի արդիական էր դառնում»։ 

Անդրադառնալով դերասանական կազմին ու ներկայացման արդիականությանը՝ Արշո Հարությունյանը նշում է․ «Գլխավոր դերը խաղացել է Սենիկ Բարսեղյանը։ Ասեմ, որ հրաշալի Ներոն է՝ էներգիայով լեցուն, շատ տաղանդավոր, ճկուն, ու հանդիսատեսը ինքը տեսավ, թե այս տղան որքան էներգիա ու խելառություն ունի իր մեջ ու ինչպես է  կարողացել մարմանվորել Ներոնի կերպարը։
Ներկայացման մեջ այս կյանքի ու իրականության հետ շատ զուգահեռներ ենք անցկացնում, շատ տեղերում փշաքաղվում ենք, շատ տեղերում սարսափում ենք, վախենում ենք, մտածում ենք։ Բացի այդ ամենը, ներկայացումը շատ պլաստիկ է, հետաքրքիր գաղափարական, վիզուալ լուծումներով, պլաստիկայով, երաժշտությամբ հագեցած»։

Ռեժիսորն իր խոսքը եզրափակում է՝ կիսվելով իր ապագա ծրագրերով ու պատմելով մի շարք փոփոխությունների մասին, որոնք տեղի կունենան Կամերային թատրոնում։

«Հիմա մենք խաղացանկն ենք վերանայում, դերասանական կազմում փոփոխություններ կան, առավոտից գիշեր աշխատում են, որպեսզի կարողանանք ներկայացումները բերել խաղացանկ, դրանց մի մասը դերասանական կազմում են փոփոխություններ կրում, մի մասը վերաբեմադրվում են։ Հիմա եռալով, քրտնաջան աշխատանքով ուզում ենք անել այդ ամենը։ Քանի որ Կամերային թատրոնը միշտ եղել է մեր կյանքի մեր ժամանակի մասին, այդ իամստով մենք չենք կարող անմասն մնալ ու հիմա հենց այս ուղղությամբ ենք աշխատում, որ թատրոնն իր ակտուալությունը պահի ու իր ասելիքի բովանդակության մեջ մնա»։  

Ներկայացման գլխավոր դերակատար Սենիկ Բարսեղյանը մեզ հետ զրույցում պատմում է, թե ինչպես ստացվեց իր և ռեժիսորի համագործակցությունն ու ինչպես ծնվեց հենց այս ներկայացման գաղափարը։

«Արշոյի հետ համագործակցելը շատ հաճելի ստացվեց։ Նախ մենք համագործակցում ենք շատ վաղուց, ինքն իմ ավագ ընկերն է, ու մենք որոշեցինք այս ներկայացմամբ հարգանքի տուրք մատուցել Գեորգի Ամիրաղյանի լուահոգի հիշատակին, ով 1982 թվականին «Նեյրոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» ներկայացման մեջ կատարել է հենց Ներոնի դերը»,- հուզմունքը զսպելով ասում է Սենիկն ու հավելում,- «Ներոնի դերն իձն համար շատ պատասխանատու էր, ու դեռ Գեորգի Ամիրաղյանի կենդանության օրոք ես իր հավանությունը ստացել եմ այս դերը խաղալու համար ու վստահ եմ, որ ամեն ներկայացմանն ինքն ինձ հետ է, դահլիճում է»։

Անդրադառնալով դերին ու դրա հետ կապված դժվարություններին՝ Սենիկն ասում է․ «Ճիշտն ասած, սա այն դերերից է, որի հետ կապված հնարավոր չէ մտավախություն չունենալ։ Իմ բազմերանգ գունապնակում ունեմ տարբեր դերեր, ու սա, թերևս, ամենաաշխատված կերպարներից մեկն էր ինձ համար, որը ես կարողացել եմ, եթե ոչ կատարյալ, ապա լավ ներակայացնել։

Դժվարություններ եղել են ստեղծագործական լուծումների առումով, կերպարին չխառնվելու առումով։ Փառք Աստծո, խաղընկերներս հիանալի են։
Ստեղծագործական գործընթացում ոչ մի դժվարություն չենք ունեցել»։

Իր խոսքը դերասանը եզրափակում է՝ նշելով, որ ամենակարևորն իրեն ու ռեժիսորին, չնայած բազում դժվարությունների՝ կարանտինին, պատերզամին, հաջողվեց ներկայացումը հանձնել հենց դեկտեմբերի 23-ին՝ Գեորգի Ամիրաղյանի ծննդյան օրը։

Նշենք, որ ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյանը, Մարիկա Դովլաթյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը, Դավիթ Գրիգորյանը և Սամվել Սերոբյանը։
Ներկայացման հեղինակը Արա Երնջակյանն է։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան