«Խումբը որևէ հոնորար չի վերցնելու ելույթի համար»․ SOAD-ը հայտարարություն է տարածել երևանյան գալիք համերգի վերաբերյալ

Նախ նշենք, որ System of a Down ռոք խումբը 2020-ի հունիսին համերգ կունենա Հայաստանում: Այս մասին ավելի վաղ հայտնել էր խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Խմբի անդամներն այսօր ստիպված են եղել հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, քանի ոչ նրանց դուր չի եկել այն փաստը, որ իրենց անունը շահարկում են քաղաքական կոնտեքստներում։

Խմբի հրապարակած հայտարարության մեջ ասվում է․ «Ցավալի է, երբ աշխարհում քաղաքականացնում են, գրեթե, ամեն ինչ, երբ, քաղաքական նկատառումներից ելնելով, կեղծ լուրեր տարածելու միջոցով վարկաբեկվում են արտիստների ազնիվ մղումները։ Վերջերս իմացանք, որ հայկական մի քանի լրատվամիջոց տեղեկություն են տարածել, թե մենք շահույթ ենք ստացել 2015 թվականին Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։ Ոչինչ ճշմարտությունից այնքան հեռու չէ, որքան սա։ 2015 թվականին Հայաստանի կառավարությունը խմբին հրավիրել է և հովանավորել՝ վճարելով բոլոր ծախսերը, այդ թվում՝ բեմի տեղադրումը, անձնակազմի մեկնումը, մնալու ծախսերը։ Խմբի անդամներից ու պրոֆեսիոնալ ողջ անձնակազմից որևէ մեկը ոչ մի գումար չի աշխատել այդ շոուից»։

Ի դեպ, հունիսին սպասվող համերգն էլ շահույթներ չի հետապնդելու։ «Մենք սիրով ենք ընդունել ներկայիս կառավարության առաջարկը, որպեսզի գալիք ամռանը ելույթ ունենանք Երևանում (ամսաթիվը շուտով կհայտարարենք): Այս դեպքում ևս խումբը որևէ հոնորար չի վերցնելու ելույթի համար։ Մեզ համար ցավալի է, որ կարիք եղավ նման հայտարարություն տարածել։ Մենք տհաճությամբ ենք վերաբերվում այն փաստին, որ խմբի անունը շահարկվում է քաղաքական նկատառումներով»։