Սարգիս Գրիգորյանը՝ «Վերադարձ» նոր ֆիլմում իր դերի, դստեր հետ համագործակցության ու նոր առաջարկների մասին

«Վերադարձ» ֆիլմը, որը էկրաններ կբարձրանա եկող տարվա փետրվարին, խոստանում է լինել տեսարժան և հետաքրքիր։ Ֆիլմը բավականին հզոր և արհեստավարժ դերասանական կազմ ունի․ գլխավոր դերում հանդես կգա Յուրի Մելիքովը, կլինեն նաև Ալեքսանդր Խաչատրյանը, Սարգիս Գրիգորյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Արմեն Մարգարյանը, Արսեն Լևոնյանը և շատ ուրիշներ: Դերասաններ կան նաև Կիպրոսից:

Մինչ այս մենք զրուցել էինք ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանի հետ, ով հետաքրքիր մանրամասներ էր պատմել ֆիլմից։ Այս անգամ էլ ShowBiz.am-ը որպես զրուցակից ընտրել է «Վերադարձ»-ի գլխավոր հերոսներից մեկին՝ Սարգիս Գրիգորյանին, ով ֆիլմում նկարահանվել է դստեր՝ Յանայի հետ միասին։

Սցենարիստը նշել էր․ «Ֆիլմի առանցքում սփյուռքում ապրող երկու հայ ընտանիքների դրամատիկ պատմություն է: Ճակատագրի կամոք հայորդին, ով ծառայում է կիպրոսյան բանակի զինված ուժերում փրկում է Իսլամական պետության գրոհայինների ձեռքին հայտնված հայ ընտանիքին»։

Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանից, ինչպես նաև ռեժիսոր Արման Գևորգյանից։ «Ստացել եմ հրավերը, կարդացել եմ սցենարը, հավանել եմ ու այդպես սկսել ենք աշխատել»,- իր խոսքում նշում է դերասանը։

Դերասանը կերտելու է սփյուռքահայի կերպար․ «Ես սիրիահայի կերպար եմ խաղում, ով այնտեղ կատարվող իրադարձությունների պատճառով հայտնվում է շատ ծանր իրավիճակում։ Ընտանիքը պառակտվում է, առաջանում են բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ։ Մի խոսքով՝ ընտանիքը վերադառնում է Հայաստան»։

Դերասանական կազմին և ստեղծագործական թիմին անդրադառնալիս Սարգիս Գրիգորյանը նշեց․ «Դերասանների հետ համագործակցությունը հարթ է անցել։ Ես արդեն տասնհինգ տարվա դերասան եմ ու բնականաբար արդեն գիտեմ՝ ինչպես լեզու գտնել բոլորի հետ և կարողանում եմ ճիշտ աշխատելու մեթոդը հասկանալ։ Թե՛ ռեժիսորի, թե՛ օպերատորի և թե՛ դերասանների մեծ մասի հետ նախկինում համագործակցել ենք։ Այս գաղափարի շուրջ հավաքվել են իրենց գործի գիտակ, պրոֆեսիոնալ մարդիկ, այնպես որ բոլորս էլ հասկացել ու գիտակցել ենք մեր անելիքը, դրա համար էլ ամեն ինչ ընթացել է այնպես, ինչպես որ ի սկզբանե պլանավորվել է։ Իսկ թե վերջում ինչ ենք ստացել, դա էլ արդեն մոնտաժից հետո պարզ կդառնա»։

Ֆիլմում դերասանին և´ սցենարն է գրավել, և´ հասկացել է, որ դրանում աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ Սարգիսը միանգամից տա իր համաձայնությունը նկարահանվելու նախագծում։

Սարգիս Գրիգորյանին ֆիլմում միացել է նաև դուստրը՝ Յանա Գրիգորյանը։ Ի դեպ, նախկինում նրանք միասին աշխատելու փորձ արդեն ունեցել են։ Յանան ու Սարգիսը միասին նկարահանվել են նաև «Դեպի վայրէջք» և «Ա․Կ․Ա․» նախագծերում։

«Հաշվի առնելով Յանայի տարիքը՝ նա առանձնանում է իր կարգապահությամբ ու շատ արագ ըմբռնելու կարողությամբ։ Յանան նկարահանման հրապարակում անում է ամեն ինչ, որպեսզի ճշտությամբ կատարի ռեժիսորի հրահանգները։ Եթե հաշվի առնենք, որ նկարահանման հրապարակում ծախսված ամեն ժամը գումար է, ապա Յանան այդ առումով ոչ մի խոչընդոտ չի առաջացրել։ Եթե ես տեսնեի, որ նա չի կարողանում իր առջև դրված խնդիրը կատարել, ես չէի թողնի, որ նա շարունակեր այս բնագավառում առաջ շարժվել»,- խոսելով դստեր մասին՝ իր կարծիքը հայտնեց դերասանը։

Սարգիսը նաև հավելեց, որ դուստրը ունի անհրաժեշտ որակներ ապագայում լավ դերասանուհի դառնալու համար։

Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, և դերասանը նշում է, որ առայժմ դեռ նոր, խոշոր նախագծեր չունի։ Կան մի քանիսը, որոնք հիշատակման արժանի չեն։ Դերասանը նաև ասաց, որ ստացել է մի քանի առաջարկներ, որոնք կամ իրեն չեն հետաքրրել, կամ էլ դեռ քննարկման փուլում են։ Վերջում էլ հույս հայտնեց, որ գալիք 2020-ին ևս կունենա հետաքրքիր և ուշադրության արժանի առաջարկներ ու դերեր։

Նյութը՝ Լուս Ավագյանի