Կարո Բալյանը` Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնի և «FestOut» ծրագրի մասին

Նոյեմբերի 1-5-ը Երևանում կայացավ Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի հյուրընկալել էր 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների և հյուրերի․ նրանց թվում էին հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի տնօրեններ՝ Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից և Ռուսաստանից:
Փառատոնին թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու «Ռոմեո և Ջուլիետ», «Շեքսպիրյան մոզաիկա», «Շեքսպիրի ուրվականները», «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո», «Շեքսպիրյան տրիլոգիա», «Չափն ընդդեմ չափի» ներկայացումները:

Փառատոնի տնօրեն, ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով այս տարի Շեքսպիրյան փառատոնը ուներ շատ կարևոր մի առանձնահատկություն․ այն ներկայացնում էր «FestOut» կոչվող ծրագիրը, որն ուսանողական ազատ թատերախմբերի համար մրցույթ է նախատեսում։ Տնօրենի պնդմամբ՝ Շեքսպիրի ստեղծագործությունների հետ աշխատանքը բազմաշերտ է, և հետաքրքիր է, թե երիտասարդներն ինչ խենթ ու խելառ էքսպերիմենտներ կարող են անել դրանց հետ: Հաղթողը հնարավորւթյուն կունենա մասնակցելու Գդանսկի միջազգային փառատոնին։

«Մենք փորձում ենք հարթակ տրամադրել երիտասարդներին: Իրականացնում ենք այս ծրագիրն առաջին անգամ։ Առաջին փորձի համար շատ խոստումնալից էր և կարծում եմ, որ հաջորդ տարիներին գնալով կզարգանա։ Այս անգամ ծրագրին մասնակցելու համար նրանք ունեին շատ քիչ ժամանակ՝ ընդամենը 3 ամիս»: 

Այս տարի հայ հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու փառատոնի տնօրեն Կարո Բալյանի բեմադրած շեքսպրիյան «Չափն ընդ չափի» ներկայացումը, որը նա բեմադրել է ռուսական Օրսկ քաղաքի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում: Այդ բեմադրությունն այնտեղ մեծ հաջողություններ է գրանցել և մի շարք երկրներում տեղի ունեցող թատերական փառատոններին մասնակցության հրավեր է ստացել:  Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնը եզրափակվեց հենց այս բեմադրությամբ։

«FestOut»  նախագիծը միտված է թատերական ոլորտի զարգացմանը, մասնագետների ինքնադրսևորմանը ու երիտասարդ մասնագետների առաջ նոր դռներ բացելուն։ Կարո Բալյանը հայտնեց թատերական ոլորտի զարգացման իր տարբերակները.

«Չեմ սիրում քննադատություններ հնչեցնել, միայն մեկ-մեկ պոռթկումներ են լինում:

Չքննադատելով ես փորձում եմ ամեն բան անել իմ հայրենիքի համար ու ներդնում եմ իմ բոլոր ռեսուրսները, որովհետև չեմ մտածում առաջինն ինձ համար ճանապարհ հարթելու մասին։ Արդեն 9 տարի է դասախոսում եմ թատերական ինստիտուտում և ամենաշատը ես սովորում եմ հենց իմ ուսանողներից։ Հենց այդ երիտասարդ մտքերն են ինձ ոգեշնչում»։

Հեռուստատեսությունը երբեք չի կարող խեղդել թատրոնը

«Եթե մենք թատրոնի զարգացման ճիշտ ուղին բռնենք, ապա ոչ համացանցը, ոչ հեռուստատեսությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կենդանի արվեստի համար։ Հարկավոր է ճիշտ մարտավարություն ընտրել, կամքի ուժ ունենալ և մասնագետներին ականջալուր լինել։
Թատրոնում հանդիսատեսի հոսքը չի պակասի, եթե մենք ընտրենք գործելու ճիշտ ձևը։
Այդ մարտավարությունը բոլորի մոտ տարբեր է. ես մի ճանապարհ կարող եմ ցույց տալ, մյուսը՝ ուրիշ։ Բայց այս ամենը պետք է համախմբել ու փորձել գնալ այդ բոլոր ուղիներով։ Այդ դեպքում հնարավոր է ոչ միայն զարգացնել արվեստը, այլ նաև այդ զարգացմամբ օգուտ տալ պետությանը»։

Ֆինանսավորումը փառատոնի ամենաթույլ կողմն է:

«Հուսանք որ եկող տարի ֆինանսավորումն այլ կերպ կլինի՝ չնայած ամեն տարի նույն հույսն ունենք։
Եկող տարի կկայանա Շեքսպիրյան 15-րդ միջազգային փառատոնը, և հետադարձ հայացք գցելով փառտոնի անցած պատմությանը՝ հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել, ինչպես է զարգացել այդ մշակույթը Հայաստանում։
Հաշվի առնելով մեր բավականին հարուստ անցյալը՝ չեմ կարծում, որ կարող են չնկատելու տալ այս ամենը։
Բայց ֆինանսներն իսկապես շատ ժամանակ չեն հերիքում՝ շատ նախագծերի ու խմբերի հետ համագործակցելու համար
»։

Կարո Բալյանը խոսելով «Հուզանք և Զանգ» ներկայացման ու «Մել» ֆիլմի համար պետության կողմից արված աստղաբաշխական ներդրումների մասին ասաց

«Ես անձամբ չէի նկարահանի այդպիսի ֆիլմ ու այդպիսի ներկայացում չէի բեմադրի, բայց դա չի նշանակում, որ պետք է քննադատել ԿԳՄՍՆ։ Արվեստը ցենզուրա չունի, և եթե ես դա չեմ հավանում, դա իմը չի, ապա դա չի նշանակում, որ ես կարող եմ վիրավորել այդ ուղղությունը պետք չէ մտնել այդ տիղմի մեջ։
Ես աշխարհի վերջ չեմ տեսնում դրա մեջ, պարզապես ցանկանում եմ առաջ գնալ արվեստը զարգացնելու նպատակով` չքննադատելով արվեստ ստեղծողներին ։
Պետք է պարզապես մարտավարություն մշակել արվեստի զարգացման համար։ Ես մի անգամ նման ծրագիր էի ներկայացրել, որն անգամ չնայեցին։ Գոնե կարդացած լինեին, կմտածեի չեն հավանել, բայց անգամ չնայեցին: Սա անլուրջ վերաբերմունք է։ Կցանկանայի բոլոր գործող  մասնագետների կարծիքը հաշվի առնվեր, որովհետև այդպես հնարավոր կլինի ստեղծել իսկապես աշխատող մարտավարություն
»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան