Հայ ռեժիսորը Բեռլինում ներկայացրել է Ռուսաստանը և արժանացել գլխավոր մրցանակին

Վերջերս Բեռլինում  17-րդ  անգամ  անցկացվող թատրոնի երիտասարդ ռեժիսորների «Friedrichstadt» միջազգային փառատոնում, մասնակից 9 երկրի արվեստագետներից, ժյուրին՝ գլխավորությամբ հանրահայտ Պետեր Շտայնի, առաջին մրցանակը շնորհեց հայազգի Գալուստ Ներսիսյանին: Հեղինակավոր փառատոնի ժյուրիի անդամները ընտրել են հենց Գալուստ Ներսիսյանին՝ տեսնելով Գորկու անվան դրամատիկական թատրոնում տարիներ առաջ իրականացրած և մինչ օրս խաղացանկում տեղ գտած Ֆրանսուազ Սագանի «Ձիերը» բեմադրությունը:
Վերջին տարիներին ՌԴ-ում գտնվող ռեժիսորն այս օրերին Հայաստան է եկել ևս մեկ լավ նորությամբ. Նոյեմբերի 14-ին և 21-ին «Արմմոնոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Կամելիազարդ տիկինը» մոնոներկայացման պրեմիերան:
«Թե Եվրոպաներից հետո ինչպես կընդունվի այս բեմադրությունն այստեղ, կպատասխանեմ հետևյալ կերպ՝ այս գործի հետևում այնպիսի պրոֆեսիոնալներ են աշխատել, և այնքան հոգի կա դրված, որն ինքնին արվեստ է»,- ասում է ռեժիսոր Գալուստ Ներսիսյանը:

Showbiz.am կայքի հետ զրույցում Գալուստ Ներսիսյանը պատմեց՝ որն է իր հաջողության գրավականը. «Հաջողությանս գրավականն իմ ընտանիքն է, ընկերներս, դերասաններս, ուսանողներս, վարպետներս, և այն մարդիկ, ովքեր միշտ հավատում են, մարդիկ ովքեր չեն հավատում, որոնք ստիպում են չհանձնվել և գնալ առաջ:
Այս ամենի մեջ մի տխուր փաստ կա՝ հայը ներկայացնում է Ռուսաստանը, հավատացեք՝ դա պարտավորեցնող է, ամբողջ աշխարհից ընտրված էին 9 բեմադրիչ, և ես, ներկայացնելով Ռուսաստանը, առաջին հերթին բարձրացնում էի հայի անունը»:

Գալուստը խոստովանեց, որ երբեք չի երազել ռեժիսոր դառնալու մասին, այլ թատրոնն է ընտրել իրեն. «Ռեժիսորին թատրոնն է ընտրում, ոչ թե ռեժիսորը թատրոնին: Ես միշտ պատրաստ եմ, սպասում եմ թատրոնի կողմից առաջարկվող ծրագրերի: Իմ բոլոր ճանապարհները միշտ տարել են թատրոն:  Ընտանիքս մինչև հիմա էլ ինձ չի հասկանում. թատրոնում զոհում ես ամեն ինչ, ամենակարևորը՝ ժամանակը: Իսկ ո՞ր մասնագիտությունն է  հեռանկարային, արվեստում նման բան չկա, իսկ ռեժիսուրայում ես  ամենից շատն արվեստն եմ սիրում»:

Լինելով տասնյակ երկներում ու մասնակցելով բազմաթիվ մրցույթների՝ ռեժիսորը բարձր է գնահատում հայկական թատրոնի ներկա վիճակը. «Կարող է ասածս զարմանալի թվալ, բայց կասեմ, որ այսօրվա  հայ թատրոնը շատ լավ և հետաքրքիր է. շատ եմ հպարտանում կոլեգաներիս հաջողություններով, միայն ցավում եմ մեկ բանի համար, որ այս մասնագիտությունը չի գնահատվում այնպես՝ ինչպես դրսում(Ռուսաստան, Եվրոպա), թեև  արվեստը ծնվում է այն ժամանակ, երբ  պայմաններ չկան: Թատրոնն այն տաճարն է, որը կրթում է սերունդներ: Կցանկանայի, որ մեր հանդիսատեսը դաստիարակվեր, հարգեր և սիրեր այդ տաճարը, և դա պետք է անել փոքրուց»:

Ռեժիսորը մտահոգ է հասարակության կողմից թատրոնի նկատմամբ վերաբերմունքով և կարծում է, որ արվեստի նկատմամբ սերը պետք է դաստիարակել մարդու մեջ դեռ մանկուց. «Թատրոնում չի կարելի անել այն ամենը, ինչ անում է այսօրվա հանդիսատեսը. գիտեք շատ ցավալի է, երբ ներկայացման ընթացքում լսվում է հեռախոսազանգ, այստեղ է երևում հարգանքը դեպի արվեստը»:

Գալուստ Ներսիսյանը նաև չի համաձայնվում այն մտքի հետ, որ թատրոններում հանդիսատեսի հոսքը գնալով պակասում է.
«Գիտեք հանդիսատեսը հիմար չէ, և թույլ տվեք այստեղ Ձեզ հետ չհամաձայնվել, եթե ներկայացումը լավն է, հանդիսատեսը միշտ կա, և գնալով ավելանում է»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան