Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Հեռուստամեկնաբանն ազատման պատճառների մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Ահա և վերջ․ Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց։ Երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը, այսօր հրաժեշտ տվեցի գործընկերներիս։ Մասնագիտական, աշխատանքային ու անձնական մոտեցումների սկզբունքային հակասություններն անհնարին դարձրեցին աշխատանքային համագոյակցությունը։ Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է գրվել ու գրվելու իմ կենսագրությունը՝ երբեք թույլ չտալով, սակայն, որ անձնական գաղափարախոսությունը նսեմացնի մասնագիտականը և հակառակը»։

Աբրահամ Գասպարյանը նաև տեղեկացրել է, որ ավելի ուշ կհայտնի, թե երբ և որ ոլորտում կշարունակի իր աշխատանքը։