«Եթե ինչ-որ մեկի մասին խոսում են, ուրեմն նա հետաքրքիր է»․ Wing 21-ը նոր նախագծերի, իր ոճի, պլաստիկ վիրահատությունների ու անձնականի մասին

Եթե Ինստագրամի էջ ունես ու ակտիվ օգտատեր ես, ուրեմն հաստատ լսած կլինես Wing 21 կեղծանվամբ հանդես եկող Մարիաննա Քոքչյանի մասին։ Մասնագիտությամբ հեռուստամեկնաբան-լրագրող Մաշը հանդես է եկել նաև մի շարք հումորային նախագծերում, բացի այդ հեռուստադիտողը գեղեցկուհուն տեսել և ճանաչում է որպես մի քանի հեռուստահաղորդումների հաղորդավար։

ShowBiz.am-ը այս անգամ զրուցակից է ընտրել Մաշին ու փորձել պարզել նոր ու հետաքրքիր մանրամասներ դերասանուհու ապագա ծրագրերից, խոսել Wing 21 ինստագրամյան էջի մասին, քննարկել նրա հետաքրքիր ու տարբերվող ոճը, անդրադարձել հաղորդավարուհու ընտանիքին, երկրպագուներին ու անձնական կյանքին։


Նոր նախագծերին ու առաջարկներին անդրադառնալիս Մաշը խոսեց «Դեպի ճամբար» հումորային նախագծից ու նոր TV հաղորդումների գաղափարներից։

– «Դեպի ճամբարը» դեռևս նոր նախագիծ է, որը իրագործել ենք ամռանը, եթե այն բավականաչափ հաջողություններ գրանցի, հնարավոր է՝ լինի նաև երկրորդ եթերաշրջանը։ Եվ ամենայն հավանականությամբ այնտեղ ևս կլինեմ։
Իսկ ինչ վերաբերում է TV նախագծերին, առաջիկայում դեռևս ինչ-որ պլաններ չունեմ, դեռ նոր եմ մտածում։

Զրույցի ընթացքում չէինք կարող չանդրադառնալ նրա Ինստագրամի էջին։

– Իմ Ինստագրամի էջը ամբողջությամբ ես եմ կառավարում։ Սիրում եմ այդ գործը։ Ճիշտ է՝ եղել է ինչ-որ ժամանակ, երբ ինձ խորհուրդ են տվել, որ ես ունենամ իմ էջը վարող, բայց ես հասկացել եմ, որ դա ինձ ընդհանրապես պետք չէ, քանի որ քեզնից  լավ քո մասին ոչ-ոք ավելի լավ չգիտի։ Այնպես որ ամեն ինչը ես եմ անում և´ լուսանկարները, և´ դրանց գրառումները։ 

Մաշը ունի հետաքրքիր, մշտապես տարբերովող ու օրիգինալ ոճ։ Դերասանուհին շատերի համար է ոգեշնչման աղբյուր հանդիսանում։

– Քեժլ, 90-ականների ոճը ամենահոգեհարազատն է ինձ։ Դրա շնորհիվ հնարավորություն ես ստանում տարբեր միքսեր անել և հետաքրքիր լուծումներ ստանալ։  Ունեմ ոճաբան ընկերներ, ովքեր միշտ ինձ խորհուրդներ են տալիս, ես իրենց  հետ խոսում, քննարկում եմ տարբեր հարցեր, բայց մեծամասամբ հագնվում եմ այնպես, ինչպես ինձ իրոք դուր է գալիս։

Գովազդներն ու դրանից առաջացող հոնորարը Մաշի եկամտի հիմնական աղբյուր են։ Սակայն կան այնպիսինները, որոնցում Մաշը երբեք չի համաձայնվի նկարահանվել։

– Գովազդներին անդրադառնալիս «Երբեք չեմ նկարահանվի ծխախոտի գովազդներում մի պարզ պատճառով, քանի որ ես ինքս  դա չեմ անում և հետևաբար չեմ ցանկանա այդ ամենը պրոպագանդել։ Էլի բաներ կան, որոնցից կհրաժարվեմ, որովհետև լսարանն այնպիսին է, որ փոքրիկներ էլ են հետևում և ինչ-որ տեղ նաև տեսնում ու սովորում են։ Ու ամեն դեպքում հարկավոր է լավ օրինակ լինել նաև նրանց համար էլ։

Ես դեռ 17 տարեկանից սկսել եմ աշխատել ու հասկացել եմ՝ գումարն ինչ բան է։ Տարբեր տեղերում ինձ փորձել եմ ու հետագայում էլ արդեն Ինստագրամիս միջոցով եմ սկսել վաստակել։ Եթե չեմ սխալվում՝ առաջին անգամ նկարվել եմ զարդերի գովազդում ու դրանից հետո էլ առաջարկները սկսեցին շատանալ ու կրել շարունակական բնույթ։
Եղել են նախագծեր, որ իրոք բավականին շահավետ են եղել։ Օրինակ՝ մեկ նախագծի միջոցով ես աշխատել եմ մինչև մեկ միլիոն դրամ գումար։

Մաշին այսքան ժամանակ հեռուստադիտողը տեսել է միայն սիթքոմներում նկարահանվելիս։ Սերիալներում չնկարահանվելը իր հիմնական պատճառը ունի․․․

– Սերիալներում նկարահանվելու առաջարկներ բազմիցս եղել են, սակայն մերժել եմ։ Ինչո՞ւ։ Չեմ համաձայնվել, որովհետև կոպիտ ասած՝ մեր շուկան ինձ չի գոհացնում։ Այսինքն՝ ես ինձ այդտեղ չեմ տեսնում ու չեմ էլ ուզում լինել մի բանի մասնիկը, որն ինձ հոգեհարազատ չէ։ Իսկ ինչ վերաբերում է հումորային նախագծերին, դրանք շատ ավելի թեթև են, ավելի պրոֆեսիոնալ լուծումներ են ստանում։ Իսկ եթե լինի գեղարվեստական ֆիլմի առաջարկ, որը կլինի հետաքրքիր, էլի մեծ սիրով կհամաձայնվեմ։ Ես սերիալներին կտրականապես դեմ չեմ, լավերը իրոք կան, ինչպես օրինակ՝ «Վերջին ուսուցիչը», որը շատ հաջողված էր։ Այնպես որ՝ ոչինչ չի բացառվում։

Իր հասցեին հնչող քննադատություններին Մաշը բավականին ադեկվատ է վերաբերվում։

– Ես կարծում եմ, եթե ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին խոսում են, ուրեմն դա հետաքրքիր է։ Ընդհանրապես ամեն ինչին ադեկվատ եմ վերաբերվում, քանի որ հասկանում եմ, որ հնարավոր է՝ ինչ որ մեկի համար շատ սիրելի ու լավ կերպար լինեմ, իսկ մեկ ուրիշի համար էլ ընդհակառակը՝ չընդունվող ու անհասկանալի։ Նրանք նաև ինձ համար մոտիվացիոն միջոց են ծառայում, որպեսզի ես շարունակեմ էլ ավելի կատարելոգործվել ու առաջ շարժվել։ Առողջ քննադատությանը ես միշտ կողմ եմ, չնայաց որ շատ հաճախ այդքան էլ առողջ չի լինում։

Վիրահատությունների չի դիմել, սական դրան շատ նորմալ է վերաբերվում։

– Ես վիրահատական միջամտությունների չեմ դիմել, բայց դրան շատ նորմալ եմ վերաբերվում։ Եթե մարդը զգում է դրա կարիքը կամ ինքը դրանից հետո իրեն ավելի ինքնավստահ, կայացած ու շատ ավելի լավ է զգում, ուրեմն՝ խնդրեմ, ինչու՞մն է խնդիրը։

Մաշը անդրադարձավ նաև իր ընտանիքին ու իրենց վերաբերմունքին՝ իր աշխատանքի նկատմամբ։

– Ապրում եմ շատ առողջ ընտանիքում ու մերոնք սիրում են իմ գործը ու ամենակարևորը վստահում են ինձ, գիտեն, որ ես յուրաքանչյուր քայլից առաջ երկար մտածում եմ ու երբեք չեմ անի այնպիսի բան, որն առաջին հերթին ինձ դուր չի գա և ինչպես նաև ծնողներիս։

Հաղորդավարուհին անձնական հարաբերությունները այլևս չի ցանկանում հանրայնացնել։

– Ունենալով անձնական հարաբերությունները հանրայնացնելու փորձ՝ ես հասկացել եմ, որ այլևս չեմ ուզում իմ անձնականը դարձնել հանրային, քանի որ այդպես շատ ավելի երջանիկ ես քեզ զգում ու շատ ավելի պաշտպանված։ Այնպես որ այժմ ոչինչ չեմ կարող ասել իմ անձնական կյանքից ու հարաբերություններից։

Մաշը չմոռացավ անդրադառնալ նաև իր երկրապագուներին ու նրանց կողմից տրվող բազմաթիվ ու բազմազան նվերներին։

– Երկրպագուներից շատ եմ հիշարժան ու յուրահատուկ նվերներ ստացել։ Շատ են եղել, երբ ինձ են նկարել ու նվիրել։ Թանկարժեք նվերներ էլ եմ ստացել՝ զարդեր, գումար․․․ բայց ինձ համար ամենաթանկ նվերն այն է, որի վրա ժամանակ է ծախսվել։

Նյութը՝ Լուս Ավագյանի