Հռիփսիմե Սարգսյանը՝ «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի, հակառակ սեռի ուշադրության և ամուսնության մասին

«Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցը` 25-ամյա Հռիփսիմե Սարգսյանը, ընթացիկ «Միսս ազգակցություն» փուլում  զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու արժանացել արծաթե մեդալի։
Ի դեպ, այս տարի Հայաստանը երրորդ անգամ է մասնակցում Ֆիլիպիններում անցկացվող «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթին
Մինչ այս մրցույթը՝ Հռիփսիմեն հասցրել էր մասնակցել 7 միջազգային և 2 ազգային գեղեցկության մրցույթների՝ արժանանալով տարատեսակ տիտղոսների: Նրա խոսքով՝ մրցութային փորձը իրեն օգնել է նաև Ֆիլիպիններում:
 
Հռիփսիմե Սարգսյանը showbiz.am-ին պատմել է իր գրանցած հաջողությանառաջիկա համագործակցությունների, ինչպես նաև հակառակ սեռի կողմից ուշադրության և ամուսնության մասին:

Գեղեցկուհին մեկ ամիս Ֆիլիպիններում էր և նոր է վերադարձել հայրենիք, վերադարձել է մեծ տպավորություններով և ապագայի նոր ծրագրերով: Մոդելը վաղուց էր ներգրավված բարեգործական ծրագրերում, բայց Ֆիլիպիններում ունեցած փորձն է՛լ ավելի ոգեշնչեց նրան, որպեսզի շարունակի գործունեությունն այս ոլորտում:

«Առաջիկայում պլանավորում եմ ընդգրկվել մի շարք բնապահպանական, սոցիալական և հասարարակական միջոցառումներում, որտեղ նաև կկարողանամ կիսել ունեցածս փորձը: Առաջարկները շատ են, բայց դեռ քննարկման փուլում են: Այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսերը՝ Յանա Գրիգորյանը, մինչդեռ ես շարունակում եմ համագործակցությունս հնդկական մոդելային գործակալության հետ»,- կիսվում է Հռիփսիմե Սարգսյանը:

«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում էր ՄԱԿի հովանավորութամբ։
Մրցույթը շատ երկար և ընթացիկ բարդ փուլերով էր: Մեկ ամսից ավելի գեղեցկուհիները ճանապարհորդել են Ֆիլիպիններում, եղել ենք մի շարք քաղաքներում, գյուղերում, նաև կղզիներում, այցելել են մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մասնակցել հասարակական մի շարք միջոցառումների, որտեղ ծանոթացել են ներկայումս տիրող գլոբալ խնդիրներին՝ մասնավորապես այն խնդիրներին, որոնք կապված էին շրջակա միջավայրի պաշտպանությանը:

«Իհարկե, գերազանց տպավորություններ ունեմ մրցույթից, բառերն անգամ չեն բավականացնում նկարագրելու, թե ինչքան ջերմ ու հարազատ էր ամեն ինչ այնտեղ, անընդհատ ականջիս են գալիս մարդկանց այդքան մեծ ոգևորությամբ ճիչերն ու ծափահարությունները»,- հիշում է Հռիփսիմեն

Ինչպես նշեցինք՝ «Միսս Ազգակցություն» մրցույթում մեր հայուհին զբաղեցրել է երկրորդ տեղն ու արժանանացել արծաթե մեդալի. «Ինչ վերաբերում է հաղթանակին՝ ես մի կողմից սպասում էի հաղթելուն, մյուս կողմից՝ ենթագիտակցորեն այնքան շատ էի ուզում, որ այդպես պետք է լիներ: Չեմ թաքցնում՝ բոլոր հնարավորություններս օբյեկտիվ գնահատել էի և վստահ էի, որ հաղթանակ էր սպասվում: Ասեմ, որ «Միսս Երկիր» մրցույթի մասնակից լինելը բավականին սթրեսային էր: Բայց արժեր, քանի որ սա Հայաստանի համար առայժմ միակ հաղթանակն էր»:


Գեղեցկուհին նաև պատմեց մրցույթում իր երաժշտական համարի մասին, որով նա զարմացրեց ոչ միայն ժյուրիի անդամներին, այլ նաև մտերիմներին և ինքն իրեն. «Չունենալով երաժշտական կրթություն կարճ ժամանակում սովորեցի հայկական քանոն նվագել և, ի զարմանս բոլորի, նաև հանդես եկա բեմում՝ կատարելով բարդ ստեղծագործություն: Այդ ժամանակ արձագանքները շատ էին, և ինձ համար ամենաոգեշնչողը ծնողներիս ու քույրիկիս խոսքերն էին: Իրենք էլ չէին հավատում, բայց երբ տեսան, ասացին, որ անհնարինը հնարավոր եմ դարձնում: Կյանքումս եղած ամենատպավորիչ պահն էր»:


Հայաստանում հայտնի գեղեցկուհիներից մեկը մեզ հետ զրույցում խոսեց հայուհիների գլխավոր առանձնահատկության մասին՝ չմոռանալով նշել նաև նրանց, թերևս, միակ թերությունը. «Դրանում կասկած չկա, որ հայուհիները իսկապես գեղեցկուհիներ են՝ ինչպես արտաքինից, այնպես էլ ներքինից. բայց իրենց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ ժամանակի ընթացքում կրելով բազմաթիվ փոփոխություններ՝ նրանք մնում են անփոփոխ, շարունակում են լինել տան հենասյունը, կենտրոնական դեմքը, ընտանիքում ամենանվիրվողը, կերակրողը, պահողը: Պարզապես, կարծում եմ, որ դեռ չեն կարողանում համադրել աշխատանքն ու ընտանիքը և ներդաշնակ ապրել»:

Հռիփսիմեն իր երազանքին հասել է քայլ առ քայլ: Գեղեցկուհին դեռ մանկուց ունեցել է երազանքներ, որոնք բոլորն այսօր արդեն իրականություն են դարձել. «Երբ փոքր էի, երազում էի դառնալ հեռուստահաղորդավարուհի, բայց երբ ժամանակը հասավ նրան, որ պետք է ընդունվեի համալսարան, ծնողներս ուզում էին, որ մեկ այլ ոլորտում մասնագետ դառնամ, և ավարտեցի հոգեբանության ֆակուլտետը:
Սովորելուս տարիներին արդեն իսկ զբաղվում էի մոդելային աշխատանքով և հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ մանկության երազանքը պետք է դառնա նպատակ: Կրթությունս շարունակեցի՝ որպես ժուռնալիստ և հաղորդավարուհի ու ստացա մագիստրոսի կոչում: Համագործակցել եմ միջազգային երեք ալիքների հետ՝ Fashion TV, FilmAwards.TV, NadimsPhotography»:

Հռիփսիմեն չմոռացավ խոսել նաև գեղեցկության մրցույթներում հանդիպող անարդարության ու ժյուրիի անդամների կողմնակալ վերաբերմնունքի մասին. «Ցավոք բազմիցս եմ ականատես եղել անարդար հաղթանակների, բայց այսպիսի մի լավ խոսք կա, որ տաշած քարը գետնին չի մնում. այսինքն՝ եթե մասնակիցը լինում է խելացի, պատրաստված, ապա նա աննկատ չի մնա»:

Գեղեցկուհին ունի բազմաթիվ երկրպագուներ, սակայն նրա սիրտը դեռ զբաղված չէ. «Միշտ եղել եմ ուշադրության կենտրոնում հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Կարծում եմ դա շատ նորմալ է, անգամ անհրաժեշտություն է, քանի որ բարձրացնում է ինքնագնահատականդ և դարձնում է էլ ավելի ինքնավստահ: Միաժամանակ պարտավորեցնում է, որպեսզի անընդհատ աշխատես ինքդ քեզ վրա և կատարելագործվես:
Բայց դեռ չեմ հանդիպել իմ երկրորդ կեսին: Այսօրվա դրությամբ ամուսնության հանդեպ վերաբերմունքն ամբողջությամբ փոխվել է: Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ երբ և ինչու է ցանկանում ամուսնանալ: Բայց, ըստ իս, ամուսնության համար կատարյալ տարիք գոյություն չունի: Կարևորը փոխադարձ զգացմունքներն են»:

Իսկ վերջում Հռիփսմե Սարգսյանը խոստովանեց՝ որն էր նրա հաղթանակի գրավականը. «Անկեղծ ասած, ես չէի դիտարկում մասնակից աղջիկներին՝ որպես ինձ մրցակիցներ: Ես նրանց համարում էի իմ ընկերները: Իմ հիմնական մրցակիցը ես ինքս էի, քանի որ մրցույթում ամենադժվարը ինքդ քեզ հավաքելն ու լավագույն որակներդ դրսևորելն է, պետք է անես հնարավորինս, որպեսզի նկատեն և առանձնացնեն: Ես ինքս խնդիր էի դրել՝ հաղթել: Նպատակասլացությունը և քրտնաջան աշխատանքը օգնեցին ինձ, օգնեց շեղել վատ մտքերը, լարվածությունը և տարավ դեպի հաղթանակ»:

Անչափ հետաքրքիր էին նաև Հռիփսիմե Սարգսյանի պատասխանները՝ «Բլից հարցման» ընթացքում:

Ինձ համար գեղեցկությունը՝ աչքերն են:

Կինը պետք է լինի առաքինի:

Կինը երբեք չպետք է մեծամտանա:

Կյանքիս գլխավոր նպատակը ծնողներիս հպարտացնելն է:

Իմ առաջաբանն է՝ «Երբեք թույլ մի տվեք, որ ձեր զգացմունքները գերակշռեն ձեր ինտելեկտը»:

Կընտրեմ միայն այնպիսի տղամարդու, ով կլինի հոգատար և աշխատասեր։

Երբեք չեմ ների անհիմն վիրավորանքը:

Քնելուց առաջ միշտ դառը շոկոլադ եմ ուտում:

Երբ արթնանում եմ իմ գլխավոր միտքը այդ օրն ապրել այնպես, կարծես վերջին օրս է:

Իմ գլխավոր մաղթանքն է ձեզ՝ ամեն օրը դարձրեք գլուխգործոց:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան