Երգիչ Գևորգ Մկրտչյանը իր նոր հեռուստատեսային դերի, անձնական հարաբերությունների ու նոր համագործակցությունների մասին

Օրերս երգիչ Գևորգ Մկրտչյանը երկրպագուների դատին հանձնեց իր նոր “Տանումա” երգի տեսահոլովակը, որը բավականին մեծ արձագանքների արժանացավ։ Երգիչը նաև սկսել է նկարահանվել Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում։

ShowBiz.am-ը զրուցել է երգչի հետ և քննարկել նրա ապագա ծրագրերի, երգի գրանցած հաջողությունների, անձնական հարաբերությունների, նոր սերիալային դերի և խենթ երկրպագուների մասին։

– Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը, համապատասխան կրթություն ունե՞ք:
– Ես ինը տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց, դեռ այդ տարիքից որոշել էի երգիչ դառնալ։ Ավարտել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ Երկրից հեռանալու պատճառով թողել էի երաժշտությունը ու իմ պլաններում չկար նորից դրանով զբաղվել։ Հայաստան վերադառնալուց հետո ընտրեցի մեկ այլ մասնագիտություն և ընդունվեցի ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի բաժին։

Երկար ժամանակ ցանկություն կար նորից ամեն ինչ սկսելու, բայց չէի համարձակվում։ Երբ քույրս ամուսնանում էր, որոշեցի անակնկալ մատուցել, բացի այդ նա էլ շատ էր ուզում, որ ես երգեմ։ Այնպես որ հարսանիքի ժամանակ երգեցի, որն էլ համացանցում տեղադրվելուց հետո բավականին մեծ արձագանք գտավ։ Արձագանքները տեսնելուց հետո վերականգնեցի պարապմունքներս և նորից սկսեցի հաճախել վոկալի դասերի։

– Ընտանիքն ինչպե՞ս ընդունեց երգիչ դառնալու ձեր որոշումը, աջակցո՞ւմ են ձեզ:
– Ի սկզբանե ծնողներիս երազանքն է եղել, որ ես երգիչ դառնամ։ Ծնողներիս երազանքն էլ ինձ համար նպատակ է դարձել։

– Ձեր կարծիքով երաժշտի կարիերան հեռանկարայի՞ն է Հայաստանում:
– Ես կարծում եմ, որ թե՛ երգչի և թե՛ երաժշտի համար բոլոր համապատասխան և անհրաժեշտ ռեսուրսները կան Հայաստանում կարիերա ստեղծելու համար։

– Ի՞նչ հաջողություններ գրանցեց ձեր նոր`«Տանումա» երգը:
– “Տանումա” երգը մինչ պրեմիերան արդեն տարածվել էր համացանցում։ Դա էլ իր հերթին ազդեց արդյունքի վրա։ Բայց մեզ ոչինչ չի կարող խանգարել, քանի որ երգը սիրվեց։ Այդ փաստը հաստատում է նաև այն, որ երգը մեծ տարածում ունեցավ, իսկ եթե այն մարդկանց դուր չգար, այդպիսի արդյունքներ չէր գրանցի։ Տեսահոլովակներիս մեծ մասի թեմատիկան սերն է։ “Տանումա” երգի տեսահոլովակը նույնպես սեր է քարոզում և ապացուցում, որ ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել սիրող մարդուն՝ անգամ հիվանդությունը։

– Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում, արդեն մտահաղացումներ ունե՞ք նոր երգի հետ կապված:
– Երկար չեմ սպասեցնի, պատմությունն ունի իր տրամաբանական շարունակությունը, որը նկարահանելու ենք “Մեկն ես միլիոնից” երգի հիման վրա։ Իմ Ինստագրամում կա տեղադրված մի հատված այդ երգից, բայց քանի որ այս երգն էլ է նախօրորք տարածվել, ես և Արման Անտոնյանը որոշեցինք նոր երգ ստեղծել՝ նույն անվանմամբ։
Նաև նշեմ, որ արդեն նկարահանվում եմ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում։ Շատ մանրամասներ պատմել չեմ կարող, միայն կասեմ, որ երգչի կերպարով եմ ներկայանալու։

– Երգչի կարիերայից բացի ուրիշ ի՞նչ գործուենությամբ եք զբաղվում:
– Սովորում եմ տուրիզմի բաժնում, ներկա պահին էլ 4-րդ կուրսում եմ, բայց դեռ պլաններ չունեմ այդ ուղղությամբ շարունակելու։

– Հավանաբար արդեն բավականին երկրպագուներ ունեք, լինո՞ւմ են հետաքրքիր կամ զվարճալի դեպքեր կապված նրանց հետ:
– Զվարճալի դեպքեր շատ-շատ են լինում։ Իմ լսարանում տարբեր տարիքային խմբեր կան, բայց գերակշռում են փոքրիկները։ Երբ ես բարձրանում եմ բեմ երգելու, միշտ երեխաները գալիս և շուրջս են հավաքվում։ Մի անգամ էլ այնքան շատ երեխա էր բեմ բարձրացել, որ ես ընդհանրապես չէի երևում։


– Ընտրյալ ունե՞ք, արդյո՞ք խանդում է ձեզ:
– Իմ սիրտը ազատ է։ Իսկ ինչ վերաբերում է խանդին՝ ապա ես կարծում եմ, որ դա սիրո դրսևորում է, բայց չափի մեջ։

– Ցանկություն ունե՞ք հայ հայտնիներից որևէ մեկի հետ համագործակցելու:
– Պատրաստվում եմ դուետի, բայց դեռ չեմ կարող փակագծերը բացել։

– Ձեր կարծիքով այսօր ինչպիսի՞ վիճակ է մեր երգարվեստում:
– Անկեղծ ասած այս հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ ես դեռ նոր եմ այս ոլորտում և իմ կողմից սխալ կլինի որևէ մեկնաբանություն թողնելը։

– Ո՞րն էր ձեր հաջողության գրավականը, հատուկ սկզբունք կամ մեթոդ ունե՞ք որով առաջնորդվում եք:
Փորձում եմ մաքսիմալ անկեղծ և հասարակ լինել հանդիսատեսիս հետ։ Ունեմ մի շարք սկզբունքներ՝ կապված տեսահոլովակների և երգերի հետ։ Փորձում եմ չնմանվել ոչ մեկին և ստեղծել իմ ոճը։ Տեսահոլովակներումս էլ աշխատում եմ ոչինչ չչափազանցնել, այլ ցույց տալ այն, ինչը շրջապատում է մեզ առօրյայում։

 

Նյութը՝ Լուս Ավագյանի