Մեքսիկայում «Ինտերստելլար» ֆիլմով ոգեշնչված ռեստորան է բացվել` պատված 250 000 լուսադիոդային լամպերով (լուսանկարներ)

Հետաքրքիր նորություն Քրիսթոֆեր Նոլանի և նրա «Ինտերստելլար» ֆիլմի բոլոր երկրպագուների համար․ Մեքսիկայում համաշխարհային համաժողովներ և ցուցահանդեսներ հյուրընկալող Citibanamex կենտրոնում օրերս իր դռներն է բացել այս գիտաֆանտաստիկ ֆիլմով ոգեշնչված մի ռեստորան, որն ամբողջովին պատված է լույսերով և հագեցած է պատրանք առաջացնող իրերով:

Մոտավորապես 200 քմ տարածք զբաղեցնող այս ռեստորանի ստեղծման մտահղացման հեղինակն Almazán Y Arquitectos Asociados, Concepto Taller De Arquitectura և Pin Studio ընկերություններն են, որոնք ցանկացել են մի վայր ստեղծել, որտեղ այցելուները հնարավորություն կունենան կտրվելու իրական աշխարհից:

Առաստաղը պատված է 250 000 լուսադիոդային լամպերով: Հատուկ լուսային էֆեկտն ընդգծելու համար ընտրվել են հայելային սեղաններ և սև ինտերիեր: Տիեզերք հիշեցնող սրահը վայելելուց բացի, այցելուները կարող են զբոսնել մուտքի մոտ գտնվող գրադարանով, որտեղ առաստաղից գրքեր են կախված` հակագրավիտացիոն պատրանք ստեղծելու նպատակով:

Ռեստորանը ստեղծվել է Millesime Mexico 2019 միջոցառման շրջանակում (այս կենտրոնում տեղի ունեցող ամենամյա ինտերակտիվ բարձրակարգ խոհանոցային միջոցառում), որի տեսլականը հետևյալն է՝ «Փոխակերպել տիեզերքը բովանդակության, տեսողական տպավորիչ միջավայր ստեղծելու համար միախառնել ժամանակն ու տարածությունը»: