Սերգեյ Լազարևը խոսել է անձնական կյանքի մասին` նշելով, որ երբևէ չի պատրաստվում ամուսնանալ

Մոսկվայում դեկտեմբերի 5-ին կայացած «Վիկտորիա» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ռուս երգիչ Սերգեյ Լազարևը պատասխանել է լրագրողների` իր անձնական կյանքին վերաբերող հարցերին։

Հարցերից մեկին`արդյոք երգիչը պատրաստվում է երբևէ ամուսնանալ, արտիստը պատասխանել է. «Այս ուղղությամբ չեմ աշխատում: Ամեն մեկն իր համար է ընտրում իր ուղին, իր զարգացումը: Ես բացարձակ երջանիկ մարդ եմ: Ներկայում զբաղվում եմ երեխաներիս դաստիարակությամբ»:

Երաժիշտը խոսել է նաև հայրության մասին, նշել, թե որն է դրա ամենաբարդ կողմը. «Ամենաբարդը երկու երեխաների միջև ժամանակը ճիշտ բաշխելն է. այնպես, որ երկուսին էլ հերիքի տվածդ սերը, որ ոչ ոք չխանդի»:

Արտիստը պատմել է նաև երեխաների դաստիարակության, հայր լինելու լավ կողմերի, երեխաների հաջողությունների մասին:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լազարևը երկու երեխա ունի` 5-ամյա Նիկիտան և 1-ամյա Անյան, որոնց ծնունդը նա երկար ժամանակ թաքցնում էր երկրպագուներից: Հայտնի է, որ երեխաները ծնվել են փոխնակ մայրերի միջոցով: