Գրիգի և Սոնայի տոնական ֆոտոշարքն ու Ամանորն արտերկրում նշելու որոշումը

Այս Ամանորը հումորիստ Գրիգ Գևորգյանի և պարուհի Սոնա Եսայանի համար յուրահատուկ է. մոտ յոթ տարի ընկերություն անելուց հետո նրանք այս տարի ամուսնացան և Նոր տարին դիմավորելու են որպես ամուսիններ։

Գրիգն ու Սոնան լուսանկարվել են Tert.am Life-ի տոնական ֆոտոշարքում և պատմել Ամանորը դիմավորելու իրենց տարբերակի ու նպատակների մասին։

Վերջին տարիներին զույգն Ամանորը նշել է աշխատանքային միջավայրում։ Գրիգի խոսքով՝ հարսանիքից հետո արձակուրդ չեն ունեցել, սա լավագույն ժամանակահատվածն է հանգստի մեկնելու համար։ «Այս Ամանորը, իհարկե, տարբերվելու է։ Նախապես որոշել էինք, որ Նոր տարին կրկին աշխատանքային է լինելու, բայց եկավ մի պահ, երբ երկուսս էլ հասկացանք, որ մեզ հանգիստ է պետք։ Որոշել ենք Նոր տարին դիմավորել Դուբայում»,-ասաց Գրիգը։

Հումորիստը նշեց, որ չեն խուսափում Ամանորը տանը նշելուց, խուսափում են այդ օրը կրկին աշխատելուց․ «Եթե Հայաստանում լինեինք, հաստատ կաշխատեինք: Սա է հիմնական պատճառը, որի համար որոշեցինք մեկ շաբաթով մեկնել»։ Սոնան էլ հավելեց, որ ծանրաբեռնված տարի են ունեցել, հանգիստն ամենամեծ նվերն է տոներին: