«Եթե բաց տեսարաններն անհրաժեշտ են, ուրեմն կխաղամ». Լիանա Հակոբյանն իր դերերի, հետաքրքիր ֆոտոշարքերի, ոճի, ինչպես նաև անձնական հարաբերությունների մասին

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է «Դեպի ճամբար», «Մոր խոստումը», «Կօօկօօռօօզ», «Ոսկե դպրոցը» սիրված հեռուստանախագծերից, մշտապես առանձնանում է իր յուրօրինակ դերերով, ոճով, ինչպես նաև հետաքրքիր ֆոտոշարքերով։
Showbiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ ու նոր, հետաքրքիր մանրամասներ պարզել Լիանայի այժմյան զբաղվածությունից, դերերից, Ինստագրամից և ֆոտոշարքերից, ինքնատիպ ոճից, ինպես նաև խոսել նրա անձնականից ու ընտանիքից։

Դերասանական կրթությունն ու սիրված մասնագիտությունը․
– Ես ավարտեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրիատը, հիմա արդեն նույն բուհում մագիստրատուրայի առաջին կուրսում եմ սովորում։

Ծնողների վերաբերմունքն ու կարծիքը ընտրած մասնագիտության վերաբերյալ․
– Շատ դրական են վերաբերվում, ես երբևիցե խնդիր չեմ ունեցել կապված մասնագիտության հետ, երբեք ոչ մեկը դեմ չի եղել ու խոչընդոտ չի հանդիսացել։

Առաջարկների, զբաղվածության ու նոր նախագծերի մասին․
– Առաջարկներ ունեցել եմ, որոնք ինչ-ինչ պատճառներով մերժել եմ , բայց դեռ կոնկրետ այս պահին ոչ մի նկարահանում չունեմ, սպասում եմ նոր նախագծերի առաջարկների ու ինձ թվում է՝ շուտով ինչ-որ նոր բան կլինի։ Սակայն այս դադարը ինձ համար էլ է լավ, քանի որ կարողանում եմ լիարժեք հանգստանալ, ինչպես նաև անել մնացած գործերս։
Ես նաև դասավանդում եմ ստուդիայում դերասանի վարպետություն՝ ունեմ կուրսեր, նաև անհատական եմ պարապում։

Ի՞նչն է կարևորում նոր նախագծերում խաղալու առաջարկներ ստանալիս․
– Առաջարկներ ստանալիս կարևոր է, որ ինձ գրավի այդ կերպարը։ Օրինակ՝ «Դեպի ճամբար»-ում, երբ առաջարկը ստացա նկարահանվելու ու ինձ ասացին, որ կերպարիս համար ինձ պետք է տգեղացնեն, ես միանգամից համաձայնվեցի ու մնացած հարցերն ինձ համար արդեն փակվեցին։ Ես սիրում եմ ռիսկային կերպարներ, միգուցե շատերը չհամաձայնվեին, բայց ես շատ արագ ընդունեցի։

Ինչպիսի՞ դերերում չի խաղա դերասանուհին և ինչպե՞ս է վերաբերվում բաց տեսարաններում նկարահանվելուն․
– Երևի չկա դեր, որ կասեմ՝ սա երբևէ չեմ խաղա, հետագայում գուցե ինչ-որ բան առաջարկեն, որ հասկանամ իմը չէ ու հրաժարվեմ, իսկ ինչ վերաբերում է բաց տեսարաններում նկարահանվելուն, ապա եթե ես հասկանամ, որ իմ դերի ու կերպարի ամբողջացման համար դա անհրաժեշտ է, երևի թե, կխաղամ։

Դերասանուհին մշտապես շարժման մեջ է և փորձում է ամեն ինչ հասցնել․
– Ես կարողանում եմ ամեն ինչ հասցնել, չգիտեմ՝ դա ինձ մոտ ինչպես է ստացվում, բայց ես մեկ օրվա մեջ հազար գործ կարողանում եմ անել․ առավոտյան դուրս եմ գալիս տանից ու շատ ուշ վերադառնում։
Ես միշտ այնպես եմ անում, որ ազատ ժամանակ չունենամ, որովհետև ես շատ եմ սիրում աշխատել ու չեմ սիրում տանը մնալ ու լինել պասիվ վիճակում, դա ինձ համար ագրեսիա է։ Ես սիրում եմ միշտ շարժման մեջ գտնվել, դրա համար էլ այս գրաֆիկից չեմ բողոքում, չեմ ասում, որ հոգնել եմ։

Լուսանկարներ ու էլի լուսանկարներ․ դերասանուհին պաշտում է ֆոտոխցիկն ու մշտապես նոր ֆոտոշարքերով է հանդես գալիս․
– Ես պաշտում եմ լուսանկարվել, իմ հեռախոսի մեջ երբեք տեղ չի լինում։ Ինչ վերաբերում է իմ Ինստագրամին՝ ֆոտոշարքեր եղել են, սպասվում են ու հաստատ դեռ շարունակական կլինեն։ Հիմա ավելի շատ ժամանակ եմ սկսել հատկացնել իմ ինստագրամյան էջին, ժամանակին պասիվ է եղել, բայց հիմա փորձում եմ ակտիվություն ցուցաբերել, որովհետև ժամանակս կարողանում եմ նաև տրամադրել դրան։ Բացի այդ ես սկսել եմ նոր վիդեոներ Ինստագրամում նկարել, այսինքն բլոգ վարել, որոնք բավականին դիտումներ են ունենում և շատ լավ կարծիքներ եմ լսում, ի դեպ՝ դա օգտագործում եմ որպես գովազդային հարթակ․ գովազդում եմ տարբեր խանութ-սրահներ, սրճարաններ, սակայն պետք է նշեմ, որ միայն նրանք, որոնք ինձ իսկապես դուր են գալիս, ես դա շատ եմ կարևորում և պատահական ոչինչ չեմ գովազդում։
– Ֆոտոշարքերից շատերի գաղափարներն առաջարկում է լուսանկարիչը, քանի որ ինքն էլ է ստեղծագործող մարդ և այդ պահին ես միայն մոդել եմ, ճիշտ է, ինձ էլ պետք է դուր գա, բայց մեծամասամբ վստահում եմ նրա մասնագիտական մոտեցումներին։

Հետաքրքիր ոճի ու սկզբունքայնորեն ոճաբանի չդիմելու մասին․
– Երբևիցե չեմ դիմել ոճաբանի խորհրդատվության հագուստներս ընտրելիս, նույնիսկ կարծիքներ չեմ հարցնում, քանի որ հագուստն այնպիսի բան է, որում դու պետք է քեզ ազատ ու հարմարավետ զգաս, այնպես որ քեզնից բացի այդ գործը ոչ-ոք ավելի լավ չի անի։ Չկա այնպիսի հագուստ, որը երբեք չեմ հագնի, աշխատում եմ միշտ ամեն ինչը համադրել։
Զգեստապահարանս շատ հաճախ եմ թարմացնում, կարելի է ասել՝ աշխատավարձս տալիս եմ հագուստներին։ Սակայն ինչ վերաբերում է  հագուստների բրենդին, ապա դրան այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում։ Կարևորը, որ տեսքը ինձ գրավի ու ես պատրաստ կլինեմ այն կրելուն։

Անձնական հարաբերություններ․
– Եկեք, դա դեռ պահենք հետաքրքրության շրջանակներում․ ո՛չ կասեմ, որ ամեն ինչ լավ է, ո՛չ էլ կասեմ, որ վատ է, անձնականը թող մնա անձնական։

Հեղինակ՝ Լուս Ավագյան