Երգչուհի Նյուշան բացահայտել է դստեր տարօրինակ անունն ու բուռն քննարկումների առիթ դարձել

Ռուս երգչուհի Նյուշան դստեր ծննդից երկար ժամանակ անց վերջապես բացահայտել է նրա անունը և դրանով բուռն  քննադատութունների ենթարկվել:
Աստղը հարցազրույց է տվել հեղինակավոր HELLO ամսագրին, որտեղ էլ գրված է եղել աղմկահարույց անունը:

Երգչուհի Աննա Շուրոչկինան, ով ավելի հայտնի է Նյուշա անվամբ, 2018թ. նոյեմբերին լույս աշխարհ է բերել դստերը: Այս ընթացքում երգչուհին պատմել էր երեխայի մասին, սակայն նրա դեմքը ցույց չէր տվել հանրությանը, ինչպես նաև թաքցրել է երեխայի անունը:
Ամսագրի շապիկի վրա, որտեղ Նյուշան առաջին անգամ է հանդես գալիս դստեր հետ համատեղ ֆոտոշարքով, գրված է, որ դստեր անունը Սիմբա է:

Երգչուհու խոսքով` ամուսնու հետ երկար ժամանակ են ծախսել դստեր համար անուն ընտրելու համար` հիմնվելով կենդանակերպի նշանի, բնավորության և այլ բաների վրա: Նյուշան ընդգծել է, որ հավատում է մարդու ճակատագրի վրա անվան ազդեցությանը:
Լուսանկարի մեկնաբանությունների բաժնում օգտատերերը սկսել են ակտիվորեն քննադատել երեխայի անվան ընտրությունը: Մեկը հեգնանքով գրել է. «Լավ է՜ Չունգա-Չանգա չեն դրել»:
Որոշներն էլ իրենց հերթին ենթադրել են, որ դա, գուցե, ամբողջական անվան` Սերաֆիմայի կրճատված տարբերակն է: