«Հիսուսը ծնվեց»․ Քանյե Ուեսթը Սուրբ ծննդի օրը հոգևոր երաժշտության ալբոմ է թողարկել

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա հետ համագործակցող Sunday Service երգչախումբը թողարկել են 19 ստեղծագործությունից բաղկացած հոգևոր երաժշտության նոր ալբոմ, որը կոչվում է «Հիսուսը ծնվեց» (Jesus Is Born), հայտնում է Daily Mail-ը։

Հատկանշական է, որ ալբոմը թողարկվել է դեկտեմբերի 25-ին, այն օրը, երբ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ ծնունդը։
Պարբերականը նկատում է, որ նման թեմատիկայով ալբոմի թողարկումը խորհրդանշական ավարտ էր այս տարվա համար, որի ընթացքում սկանդալային համբավով ռեփերը տարվել է կրոնով և հոգևոր թեմաներով։

Անցնող տարվա ընթացքում Ուեսթը երգչախմբի հետ շրջագայել է ԱՄՆ-ով մեկ ու համերգներ տվել։ Բացի այդ, նա հասցրել է երկու օպերա գրել, որոնցից մեկը՝ «Մարիամ»-ը, պատմում է Աստվածամոր և մանուկ Հիսուսի պատմությունը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, ռեփերը ներկայացրել էր «Հիսուս արքան» ալբոմը, որը մեծ հաջողություն է ունեցել՝ հասնելով Billboard 200-ի առաջին հորիզոնականին։
«Գիտեմ՝ Աստված ինձ շատ երկար էր կանչում, բայց սատանան այդ ամբողջ ընթացքում ինձ շեղում էր»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Ուեսթը։