Գալ Գադոտը կէկրանավորի Դորիթ Ռաբինյանի արգելված վեպը

Իսրայելցի դերասանուհի Գալ Գադոտը և նրա ամուսին Յարոն Վարսանոն հանդես կգան որպես պրոդյուսերներ Դորիթ Ռաբինյանի «Կենդանի ցանկապատ» վեպի էկրանավորման համար, որն արգելված է ընթերցել իսրայելական դպրոցներում:

Ինչպես ներկայացնում է variety-ն, գիրքը պատմում է հրեա թարգմանչուհու և պաղեստինցի նկարչի սիրո մասին, որոնք հանդիպում են Նյու Յորքում և իրենց հարաբերությունները թաքցնում են ընկերներից և ընտանիքներից: Գրքի սյուժեն էլ դարձել է արգելքի պատճառը:

2014-ին գրված վեպը քննադատությունների ալիք էր բարձրացրել Իսրայելում, իսկ 2015-ին երկրի կրթության նախարարությունն այն բացառել էր դպրոցական ծրագրից, որից հետո գրքի վաճառքի ծավալները կտրուկ աճել էին:

Ներկա պահին «Հրաշք կինը» ֆիլմի հերոսուհին գտնվում է Իսրայելում: Նա հանգստանում է Ագաթա Քրիստիի վեպի հիման վրա «Մահ Նեղոսում» ֆիլմի նկարահանումներից հետո և «Կարմիր ծանուցում» ֆիլմի նկարահանումից առաջ:

Դորիթ Ռաբինյանը իսրայելցի գրող և սցենարիստ է, որի ծնողներն Իսրայել են ժամանել Իրանից։