Էլթոն Ջոնը բրիտանական Պատվո շքանշան է ստացել

Բրիտանացի կատարող Էլթոն Ջոնը երաժշտության բնագավառում ակնառու նվաճումների համար Միացյալ Թագավորության Պատվո շքանշան է ստացել: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Մոտ 50-ամյա երաժշտական գործունեության ընթացքում նա վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնասկավառակ, նրա սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական Թոփ-40-ում, Rolling Stone ամսագրի կազմած աշխարհի լավագույն կատարողների ցանկում նա 49-րդ տեղում է։
Էլթոն Ջոնը 1970-ական թվականների ամենաբարձր վարձատրվող կատարողներից է. Նրա ալբոմներից վեցն առաջատար են եղել Բիլբոարդ 200 հիթ շքերթում։

Էլթոն Ջոնը որոշ ժամանակ առաջ հանրությանը ներկայացրեց ինքնակենսագրական «Ես» գիրքը, որտեղ արված սկանդալային բացահայտումներն ու մանրամասները երգչի կյանքից գիրքը դարձրին ժամանակի ամենապահանջվածներից մեկը: