Նիկ Եգիբյանը՝ Գայա Արզումանյանի հետ սիրավեպի, քաղաքից հեռանալու և հայկական շոու-բիզնեսի մասին

Երգիչ Նիկ Եգիբյանը երկարատև դադարից հետո վերջին շրջանում հանդես է գալիս ակտիվ գործունեությամբ։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգիչը պատմեց, որ անակնկալ է պատրաստել երկրպագուների համար. շուտով Նիկը կներկայացնի հեղինակային 6 երգ, և հանդես կգա 2 դուետով:
Նա նաև խոսել է իր երգերի գլխավոր առանձնահատկության, Երևանից հեռանալու և Գայա Արզումայնյանի հետ սիրավեպի մասին։

Հրեական արմատներ ունեցող այս երգիչը հայտնի է շատերին: Նիկ Եգիբյանը տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց «Համազգային աստղ» նախագծի շնորհիվ, որի ժամանակ կատարում էր իր հեղինակային երգերը։ Հենց այդ նախագծից հետո էլ նա սկսեց համագործակցել աստղերի հետ և ներկայանալ երգերով, տեսահոլովակներով:
Մասնագիտությամբ օպերային երգիչը հիմնականում հանդես է գալիս R&B ոճում, նաև երգեր է գրում և զբաղվում գործիքավորմամբ:

Նիկ Եգիբյանի երգերը նման են փոքրիկ պատմությունների դրանք անկեղծ են և հուզիչ.
«Երգերիս գլխավոր յուրահատկությունն այն է, որ գրում եմ բոլորիս ապրած էմոցիաների մասին։ Չեմ փորձում հեծանիվ հայտնագործել, գնում եմ հոսանքի ուղությամբ ու չեմ ծանրաբեռնում ինքս ինձ և ունկնդրիս չօգտագործվող բառերով, գաղափարներով, փիլիսոփայական բարդ մտքերով»,-անկեղծանում է երգիչը՝ հավելելով,- «իմ սեփական կյանքը երբեք չեմ շոշափում երգերիս մեջ։ Ոգեշնչվում եմ ընկերներիս և ծանոթներիս պատմություններից։ Հաջողությանս գաղտնիքն է՝ երբեք չհանձնվել, շատ աշխատել, երբեք գոհ չմնալ արդյունքից ու միշտ ձգտել ավելիին, միշտ ընկալել նորը՝ չմոռանալով հինը, լսել շատ մարդկանց կարծիքներ և պահպանել սեփականը։ Կարճ ասած՝ երբեք չհանգստանալ»։

Եթե նախկինում Նիկ Եգիբյանը հիմնականում համագործակցում էր հայտնի աստղերի հետ, ապա այսօր նա ինքն է կատարում սեփական ստեղծագործությունները, որոնք ինքնատիպ են և իրենց ոճով առանձնանում են հայկական երգարվեստում։

«Երգերի այս տեսակը ստեղծելու համար ոգեշնչվեցի՝ հասկանալով, որ այս տեսակը նույնպես պահանջարկ ունի։ Այս երգերը հայերենի ու անգլերենի, r&b և ժողովրդականի միքսեր են, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մարդկանց մոտ։ Տեսնելով սա՝ որոշեցի ետ չկանգնել և աշխատում եմ ամիսը 1 կամ 2 անգամ նոր գործ ներկայացնել ունկնդրիս։ Երգերի գործիքավորումն ու ձայնագրումը  իմ սեփական աշխատանքն են»,- պատմում է Նիկը՝ չմոռանալով նաև նշել, որ չի դադարել համագործակցել հայտնի աստղերի հետ, – «Հեշտ է աշխատել այլ աստղերի հետ, որովհետև երկար տարիների փորձ ունեն։ Երգ գրելիս միշտ խնդրում եմ երգիչներին կողքիս լինել, ու նրանց արձագանքը ստանալով՝ հասկանում եմ՝ շարունակել, թե փոխել մեղեդային գիծը։ Դա է պատճառը, որ շատ անգամ կատարումը լսելով՝ մարդիկ չեն պատկերացնում, որ ես կարող եմ լինել այդ երգի հեղինակը։ Իմ վերջին ստացված համագործակցություններից եմ համարում Արամ MP3ի «Ալաբալանիցա»-ն և Ռոզա Ֆիլբերգի «В белом самолете» երգերը. ծայրահեղ տարբեր, բայց ստացված»։

Չնայած այն բանին, որ Նիկ Եգիբյանը հայկական երգարվեստի ամենասիրելի դեմքերից է, իսկ նրա հեղինակային երգերը կատարում են շատ հայտնիներ՝ Նիկը հայկական շոու-բիզնեսում չափազանց շատ խնդիրներ է տեսնում ու չի խուսափում վերհանել դրանք.

«Հայկական շոուբիզնես գոյություն չունի կա ռեստորանային բիզնես։
Շատերն անգամ իրենց երաժշտական ոճը ձևավորում են՝ համապատասխանեցնելով այն ռեստորանին, որտեղ աշխատում են։ Չկան համերգներ, փոփ երաժշտությունը կորցրել է իր դեմքը, չկան երաժշտական պրոյեկտներ կայացած երգիչների համար։ Բոլորի երգերը հարսանիքների, տարեդարձների, հայրիկների, մայրիկների, կնքահոր ու կնքամոր մասին են»։

Երգիչը չմոռացավ խոսել նաև  «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասին՝ հավատացնելով, որ երբեք չի մասնակցի դրան։


««Եվրատեսիլ» –ի նախընտրական փուլին մասնակցել եմ 2010 թվականին ու էլ երբեք չեմ մասնակցի։ Այդ ժամանակ իմ  հեղինակային երգը՝ Մերի Վարդանյանի և Անահիտ Ադամյանի կատարմամբ, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, և հենց դրանով էլ փակեցի «Եվրատեսիլի» իմ էջը»։

Երգիչը խոստովանեց նաև, որ այս տարվա իր երազանքը Երևանից հեռանալն է«2020-ի նպատակներս մատերիալիստական են։ Երազում եմ բնակվել քաղաքից դուրս։ Հույս ունեմ այս տարի գյուղում տուն կունենամ և կկարողանամ տեղափոխվել բնության գիրկը՝ աղմուկից ու մարդկանցից հեռու-հեռու»։

Իսկ ինչ վերաբերում է  իր և Գայա Արզումայնյանի սիրավեպի շուրջ պտտվող շշուկներին՝ Նիկն ասաց․ «Չեմ ասի։ Թող մտածեն, կռահեն, հաստատեն, գումարեն, հանեն, բաժանեն։ Ամեն ինչ իր հերթին»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան