Հայտնի են «Օսկար 2020»-ի հավակնորդները. «Ջոկերը» ներկայացվել է 11 անվանակարգում

ԱՄՆ-ում հայտարարել են, թե որոնք են «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդները: Այս մասին գրում է BBC News-ն՝ նշելով, որ «Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, առաջադրվել է 11 անվանակարգերում:

«Ջոկերը» ներկայացվել է «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան» (Խոակին Ֆենիքս) և ութ այլ անվանակարգերում:

Առաջադրումների թվով հաջորդիվ ներկայանում են «Իռլանդացին», «1917», «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը՝ յուրաքանչյուրը 10 անվանակարգում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Մի անգամ Հոլիվուդում», «Իռլանդացին», «Մակաբույծը», «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոջո նապաստակը», «Ջոկեր», «Փոքրիկ կանայք», «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» կինոնկարները:

«Լավագույն դերասան» ճանաչվելու համար կպայքարեն Խոակին Ֆենիքսը, Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Լեոնարդո Դի Կապրիոն («Մի անգամ Հոլիվուդում»), Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապ»):

«Լավագույն դերասանուհի» կարող են ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Շարլիզ Թերոնը («Ռումբ»), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սինթիա Էրիվոն («Հարիեթ»):

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ Հոլիվուդում»), Բոնգ Ջուն-Հոն («Մակաբույծը»), Սեմ Մենդեսը («1917»), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»):

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Խաղալիքների պատմություն 4», «Կլաուս», «Ինչպես վարժեցնել վիշապին. թաքնված աշխարհ» մուլտֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվելու համար կմրցեն «Ժողովրդավարության եզրը», «Ամերիկյան գործարան», «Սամայի համար», «Քարանձավը» ֆիլմերը:
92-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը  տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 9-ին: