Համազգային թատրոնում կայացավ «Փափլիկը» ներկայացման պրեմիերան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խաղացանկը համալրվել է նոր ներկայացմամբ:
Գի դը Մոպասան «Փափլիկը» վեպի հիման վրա ներկայացումը բեմադրել է Նարինե Գրիգորյանը:

«Փափլիկը» նովելում գործողությունները տեղի են ունենում ֆրանս-պրուսական պատերազմի տարիներին։ Գլխավոր կերպարը Փափլիկ մականվամբ մարմնավախառն է, ով երկար ու դժվար ճանապարհ է անցնելու ներկայացման հերոսների հետ։

Երբ բոլորը կանգ են առնում, որպեսզի գիշերելու համար օթևան գտնեն, սպաներից մեկը հրաժարվում է շարունակել ճանապարհը, մինչև գիրուկ մարմնավաճառը չտրվի իրեն։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը:

Ներկայացման գաղափարի և ընտրության մասին խոսեց «Փափլիկը» ներկայացման դերասանուհիներից Արմինե Անդրեասյանը.

«Որոշվեց բեմադրել Գի Դը մոպասանի «Փափլիկը» , որովհետև դա դասական գլուխգործոցներից է, և կերպարներն էլ շատ գունեղ ու կյանքով լեցուն են։ Դա յուրաքանչյուր դերասանի համար և՛ նվեր է, և՛ փորձություն։
Պատմությունը մեր օրերի և բոլոր ժամանակների պատերազմող երկրների մտածելակերպին շատ  մոտ է ու բնորոշ. քարոզում ենք բարոյականություն և այն տանուլ տալիս բիզնես մտածողությանը։ Եվ որքան բարձր է խավը, այնքան կեղտոտ են նրա ձեռքերը»։

Դահլիճը լեփլեցուն էր, իսկ ներկայացման ավարտին ծափողջույնները՝ բուռն ու անկեղծ։ Թատրոնն այսօր չի պատրաստվում զիջել իր դիրքերը հեռուստատեսությանը կամ  համացանցին, և այս մտքի հետ համաձայն է նաև Արմինե Անդրեասյանը, ով գիտի՝ ինչն է հոգեհարազատ հանդիսատեսի սրտին։

«Այսօր, ուրախությամբ պիտի նշեմ, որ հանդիսատեսի թիվը աճում է, իսկ հանդիսատեսին պետք է ճաշակով, գեղեցիկ մատուցված ներկայացում։ Թեմաները կարող են լինել տարբեր, բայց չպետք է մոռանալ ամենակարևորը՝ արվեստը ճաշակ է, ճաշակը՝ չափի զգացողություն։
Դա է մեզ ավանդել մեծն Սոս Սարգսյանը՝ մեր վարպետը ու պապին, մենք էլ փորձում ենք դրան հավատարիմ մնալ»։


Դերասանուհի Մարիա Սեյրանյանի պնդմամբ՝ թատրոնի առաջընթացի գրավականը ճիշտ մարքեթինգն է

«Այսօր թատրոնը փորձում է քայլել ժամանակի հետ, հետևել ժամանակի պահանջներին և՛ իր ձևով, և՛ գաղափարներով: Բայց կարծում եմ թատրոնը չպետք է որևէ լուծում տա առաջ բերված խնդիրներին, այլ պիտի ներկայացնի իրավիճակներ ու թողնի հանդիսատեսին մտորելու ու ինքն իր համար եզրակացություններ անելու տեղ:

«Փափլիկ»-ը ներկայացման մեջ հանդիսատեսը կտեսնի հասարակության գրեթե բոլոր շերտերը, կտեսնի յուրաքանչյուրի «գոյության կռվի» ձևը: Ներկայացումը ցույց է տալիս մի խումբ մարդկանց հայրենասիրություն, որն ավարտվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են իրենց շահերը: Չմոռանամ ասել , որ այս ամենը ներկայացվում է շատ թեթև, հումորի ու ծիծաղի միջոցով:

«Փափլիկը» ստեղծագործությունը պիես չէ, ներկայացումը պատմվածքի հիման վրա է բեմադրված, ամբողջը ռեժիսորի (Նարինե Գրիգորյանի) ու դերասանների համատեղ երևակայության ու ստեղծագործական մտքի արդյունքն է: Ես մարմնավորում եմ երիտասարդ միանձնուհու, ով նոր է սկսում իր այդ ուղին և անդադար հետևում է ու փորձում նմանվել իր համար հեղինկություն հանդիսացող ավագ միանձնուհուն: Իրականում, պատմվածքում իմ կերպարի մասին մեկ նախադասություն է գրված: Դա ամենամեծ դժվարությունն էր , որովհետև «հենվելու» տեղ չկար: Բայց մյուս կողմից դա անսահման հնարավորություն է տալիս դերասանին ստողծագործելու, հորինելու ու տարբեր բաներ փորձելու:

Ցանկացած նոր դեր փորձելիս շատ եմ ուզում լավ ներկայանալ, խաղալ մի բան, որ դեռ չեմ փորձել, բայց իրականում, ամենակարևոր բանը ինձ համար որպես դերասանուհի լինելն է ճիշտ այն տեղում , որ պահանջում է տվյալ ներկայացումը, հավատալ ռեժիսորին ու օգնել իրականացնել, մասնիկը լինել այն հրաշքի, ինչի անունը Ներկայացում է»:

 

Ներկայացման մեջ հանդես եկան Տաթև Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը, Ստեփան Ղամբարյանը:
Երկու ժամ տևողությամբ բեմադրությունն աչքի է ընկնում մինիմալիստական լուծումներով, արտիստների բեմական խոսքով և պլաստիկայով:
Ներկայացումը բախման մասին է, երբ ամպագոռգոռ հայրենասիրությունը հատվում է անձնական շահի հետ և հօդս ցնդում:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան