“Լրիվ ուրիշ գործով եմ եկել Հայաստան ու ընդամենը մեկ տարով”․ Անի Երանյանը Հայաստանում գտնվելու և իր նոր հեռուստատեսային դերի մասին

Դերասանուհի Անի Երանյանը երկարատև դադարից հետո իրեն սիրող և սպասող հեռուստադիտողին կներկայանա հեռուստասերիալի շրջանակներում: Անին հանդես է գալու պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր՝ «Շիրազի Վարդը» հեռուստանախագծում, որը շուտով կցուցադրվի «Արմենիա Պրեմիումի» եթերում՝ 4k որակով։

Դերասանուհին այս անգամ գլխավոր հերոսուհու կերպարում չէ, սակայն ոչ պակաս կարևոր և առանցքային դերով է հանդես գալու։
Ինչպես նշում է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Անիի դերը ոչ գլխավոր է և ոչ էլ երկրորդային, սակայն չափազանց հետաքրքիր և ուշագրավ է։

ShowBiz.am-ի հետ զրույցում Անին որոշ մանրամասներ պատմեց իր կերպարից և նշեց, որ կարճ ժամանակով է Երևանում։
«Նախ ասեմ, որ ես չեմ ունեցել այսպիսի կերպար, երկրորդը Ելենայի և Անահիտի ֆիլմերում և սերիալներում երբևիցե չի եղել նմանատիպ կերպար, ու քանի որ ես էլ վաղուց չեմ նկարահանվել, ինձ կարողացան շատ լավ համոզել․ այնպես որ ես հայտնվեցի նախագծում»։

Դերասանուհին նշեց, որ շատ հետաքրքիր կերպար է՝ որպես դերասան խաղալու և աճելու տեղ հաստատ ունի: Այս հանգամանքն Անիի համար ամենակարևորն է, իսկ մնացած մանրամասները դերասանուհին չցանկացավ բացել՝ ասելով, որ ամեն ինչը հեռուստադիտողն ինքը կտեսնի։

Անին իր խոսքում նաև շեշտեց, որ միշտ կարոտած է վերադառնում նկարահանման հրապարակ և հավելեց․ “Առաջարկներ էլի կային, բայց քանի որ չէի ուզում նկարահանվել ու բացի այդ էլ լրիվ ուրիշ գործով եմ եկել Հայաստան ու ընդամենը մեկ տարով՝ չէի համաձայնվում։ Բայց, երևի թե, Ելենային չեմ կարողանում մերժել, որովհետև նախ սիրում եմ այս ստեղծագործական թիմը, կարոտում եմ միշտ նկարահանումները, հետո էլ այս կերպարը յուրահատուկ ու հետաքրքիր էր”։

Դերասանուհու կերպարի անունը Ելենա է, և ի զարմանս բոլորի, նա դաջվածք անող աղջիկ է՝ տարբերվող և հետաքրքիր, գլխավոր հերոսի քույրն է։ Ըստ Անիի՝ շատ հետաքրքիր հոգեվիճակով ու ապրելակերպով աղջիկ է։

Հեղինակ՝ Լուս Ավագյան