«Իմ սիրտը գրավելը շատ հեշտ է, դժվար է մնալ իմ սրտում». Նարեկ Կտոյան

Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնի դերասան Նարեկ Կտոյանը վերջին ժամանակներում  բավականին ակտիվ գործունեություն է ծավալում թատրոնում՝ ուրախացնելով իր հանդիսատեսին նոր ներկայացումներով ու ինքնատիպ, չկրկնվող կերպարներով։ Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանը անկեղծանում է՝ ասելով, որ շուտով երկրպագուները կկարողանան նրան տեսնել նաև հեռուստաէկրաններին՝ որպես հաղորդավար։ Զրույցի ընթացքում Նարեկը նաև պատմում է իր անձնական կյանքի, իրականացած երազանքի և ապագա ծրագրերի մասին։

«Ընտանեկան գաղտնիքներ» և բազում այլ հեռուստանախագծերից հայտնի Նարեկ Կտոյանը տարիներ առաջ չէր էլ կարծում, որ մի օր կդառնա հայտնի դերասան․ չէ՞ որ ծնողների հորդորով նա ընդունվել էր ՀՊՏՀ։
«Դերասանի մասնագիտությունն ընտրելը բավականին բարդ է եղել ինձ համար, որովհետև ի սկզբանե որոշել և ընդունվել էի տնտեսագիտական համալսարան։ Մի տարի սովորելուց հետո որոշեցի փոխել մասնագիտությունս ու ընդունվել Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտ։ Ծնողներս սկզբում ոչինչ չգիտեին, միայն ընդունվելուց հետո նրանց խոստովանեցի։ Սկզբում դեմ էին, որովհետև կարծում էին, որ տնտեսագետի մասնագիտությունն այսօր պահանջված է, սակայն հետո հասկացան, որ ինձ ոչ մի կերպ համոզել չեն կարող։ Արդյունքում դարձա թատրոնի ռեժիսոր և դերասան»:

Ռեժիսուրայով Նարեկ Կտոյանն այսօր զբաղվում է միայն քլիփմեյքինգի շրջանակներում, հիմնական գործունեությունը ծավալում է որպես դերասան ու հաղորդավար։
Նարեկը շատ լավ է հիշում իր առաջին դերը՝ Արամ Խատիկյանի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ։ Դերասանն անգամ չի մոռացել ուսանողական տարիներին համալսարանական էտյուդներում իր կերտած փոքրիկ դերերը։ Նարեկը խոստովանում է, որ չի խուսափում ոչ մի դերից, սակայն իր երազած կերպարի մասին դերասանը լռում է․
«Բացարձակ չեմ խուսափում որևէ դերից, մասնագիտությանս մեջ ամենամեծ ախտը՝ ոչ պրոֆեսիոնալ լինելն է։ Իմ կարծիքով խուսափել որևէ դերից պրոֆեսիոնալ չէ։ Պատրաստ եմ մարմնավորել յուրաքանչյուր կերպար։ Կա դեր, որը երազում եմ խաղալ, ու կարծում եմ մի օր երազանքս կիրականանա»։

Դերասանը չի խուսափում նոր փորձերից ու հնարավորություններից։ Նարեկը հանդես է եկել թատրոնում, հեռուստասերիալներում, բազում  հեռուստանախագծերում և հստակ պատկերացնում է՝ որն է հայկական ֆիլմարտադրության գլխավոր խնդիրն ու խոչընդոտը.

«Աշխատում են աշխատելու համար։ Եթե լինի հետևողականություն, լուրջ պահանջ, ապա դուք կունենաք շատ որակյալ պրոդուկտ։ Համաձայն եմ, որ հայկական որոշ սերիալներ, սիթքոմներ կարող են զիջել արտասահմանյան կինոինդուստրիայի արտադրանքին, սակայն խնդիրը ոչ միայն ֆինանսի և պրոֆեսիոնալիզմի մեջ է, այլ նաև աշխատող մարդկանց մեջ, որովհետև մարդիկ նախագծին հաճախ լուրջ չեն վերաբերվում․․․ ամեն ինչ գալիս է վերևից։

Հաճախ կադրի ներսում ու կադրից դուրս հանդես են գալիս մարդիկ, ովքեր բացարձակ կապ չունեն իրենց մասնագիտության հետ:

Եթե լինեն պրոֆեսիոնալ գիտելիքներ, պրոֆեսիոնալ մոտեցում, ապա հաստատ կստանաք որակյալ սերիալ։ Հենց դա է պատճառը, որ հայկական սերիալներն ու սիթքոմները հաճախ կաղում են իրենց որակով։ Իսկ ինչ վերաբերում է մշակութային որակին՝ այն հաճախ արժեզրկվում է, որովհետև փորձում են բավարարել ամենաանգրագետ խավի պահանջները։

Երբ էկրաններին են հայտնվում անհաջող, ծիծաղելի կերպարներ, օգտագործվում է ժարգոնային սլենգ, սա շատ է ազդում որակի վրա։ Մեր հեռուստաէկրաններին շատ ենք տեսնում քյառթու, ռաբիզ, անգրագետ հերոսներ, ովքեր հենց պրոդուկտի երեսն են: Դա սարսափելի է։

 «Ա դե գործա անում ենք» պետք չէ ասել, պետք է պրոֆեսիոնալ մոտենալ։

Հայաստանում որակյալ սերիալ ստանալու համար անհրաժեշտ է  հավուր պատշաճի ֆինանսավորում, տեխնիկական պատրաստվածություն և պրոֆեսիոնալ մոտեցում, անձնակազմ»։

Դերասանի կարծիքով թատրոնում նույնպես ամեն բան իդեալական չէ հայկական թատրոնը գնում է  հայկական հեռուստատեսության հետքերով՝ փորձելով բավարարել ամենացածր ճաշակը.

«Այսօրվա հանդիսատեսին հետաքրքիր է որակյալ, հետաքրքիր ներկայացում։ Պետք է բեմադրել ասելիք ունեցող ներկայացումներ, ոչ թե ներկայացում, որտեղ կասեն մի քանի ժարգոնային բառ, հայհոյանք, որի վրա հանդիսատեսը կծիծաղի ու կգնա՝ ոչինչ չտանելով իր հետ թատրոնից։

Թատրոնն առաջին հերթին պետք է ստիպի մտածել: Այն պետք  է առաջ բերի խնդիրներն ու դրանց լուծումները։ Թատրոնից դուրս եկող հանդիսատեսը պետք է առնվազն 30 րոպե լուռ լինի ու մտածի այն ամենի մասին, ինչ տեսավ ներկայացման ընթացքում։
Հանդիսատեսին այսօր, երեկ ու վաղը հետաքրքրել է լավ ու որակով ներկայացումը՝ ճիշտ լուծումները, սպեցէֆեկտները։

Միայն դերսանի խաղով այսօր թատրոն չես կառուցի, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս։

Հայաստանում թատրոնն ունի խնդիր, որովհետև կարծում են, որ այն պետք է համապատասախանի խորհրդայ

ին, հին պատկերացումներին․ ես համաձայն չեմ։ Թատրոնն աշխարհում մեծ քայլերով առաջ է գնում ու Հայաստանում էլ պետք է ձեռքը պահել ժամանակի զարկերակին՝ զարմացնելով ողջ աշխարհին։
Մենք դրա հնարավորություններն ունենք։

Հավասար սիրում եմ թե՛ հեռուստատեսությունը, թե՛ թատրոնը, որովհետև սրանցից յուրաքանչյուրն ունի իր հրաշալի արձագանքն ու հնարավորությունները դերասանի համար։ Թատրոնում սիրում եմ հանդիսատեսի հետ ուղիղ կապը, էմոցիան, զգացմունքը, իսկ հեռուստատեսությունում՝ մասսայականությունը։ Թատրոնում դու ունես 1 դուբլի հնարավորություն, իսկ հեռուստատեսությունում՝ ավելի լավը լինլու տարբերակ»։

Բացի դերասանական կարիերայից, Նարեկը նաև իրեն փորձում է այլ ոլորտներում։
Դերասանն այժմ ունի սեփական բիզնես և այն այս տարվա նրա գլխավոր ձեռքբերումներից մեկն է։
Իսկ ինչ վեաբերում է իր անձնական կյանքին՝ դերասանն ասում է.« Ինձ  իմ հանրային լինելը երբեք չի խանգարել, խանգարել է նրանց, ովքեր եղել են իմ կողքին։ Նրանցից շատերը շատ խանդոտ էին վերաբերվում ցանկացած երկրպագուհու նամակին կամ ողջույնին։

Իմ սիրտը գրավելը շատ հեշտ է։ Դժվար է մնալ իմ սրտում։ Անկեղծ ասեմ՝ հեշտ եմ սիրահարվում, նույնիսկ մի հայացքից, բայց ուզում եմ իմ կողքի մարդը լիարժեք կիսի իմ մտածելակերպը, պատկերացումներն ու ապրելակերպը։ Հարաբերությունների մեջ ինձ համար ամենակարևորը անկեղծությունն է»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան