Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, Բուքինգհեմյան պալատում անցկացրել են իրենց առաջին պաշտոնական ընդունելությունը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սա առաջին դեպքն է, երբ Քեմբրիջի դքսին և դքսուհուն վստահվում է միայնակ պաշտոնական ընդունելություն կազմակերպել պալատում:
Խոսքը Մեծ Բրիտանիա-Աֆրիկա ներդրումային գագաթնաժողովի մասին է: Միջոցառման շրջանակում Բուքինգհեմյան պալատում հյուրընկալվել է Աֆրիկայից ժամանած 21 պատվիրակություն:
Նշվում է, որ հատուկ այս առիթով 38-ամյա Միդլթոնը կրել է Needle & Thread բրենդի ալ կարմիր երեկոյան զգեստ՝ իր էլեգանտությամբ հիացնելով բոլորին: Նա իրեն բնորոշ անմիջականությամբ շփվել է հյուրերի հետ:
Պարբերականը նկատում է, որ Ուիլյամի կրտսեր եղբոր՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական պարտականություններն ու լիազորությունները վայր դնելու և Միացյալ Թագավորությունից Կանադա տեղափոխվելու շոկային որոշման ֆոնին այժմ առանձնահատուկ ընդգծվում է Քեմբրիջների «խաղի մեջ» լինելու փաստը:
Ընդունելությունը բավականին կարևոր իրադարձություն է եղել Քեմբրիջների համար, որոնք Հարիի հեռանալուց հետո ցույց են տալիս իրենց կարևոր դիրքն ու նախապատրաստվում են ապագայում Ուիլյամի միապետ դառնալուն, գրում է աղբյուրը:
Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ինքն է խնդրել Ուիլյամին կազմակերպել ընդունելությունը: