Երկու իտալացիներ գողացել են Գուստավ Կլիմտի 66 միլիոն դոլար արժողությամբ կտավը

Կլիմտի ստեղծագործությունները հայտնի և սիրված են ողջ աշխարհում: Բազմաթիվ կոլեկցիոներներ երազում են նրա նկարներից գոնե մեկն ունենալ իրենց հավաքածուներում: Կլիմտի ստեղծագործությունները չեն կարող անտարբեր թողնել նաև գողերին, քանի որ դրանց միջոցով կարելի է արագ հարստանալ: Այդպես են մտածել նաև երկու իտալացիներ, երբ Պյաչենցայի քաղաքային թանգարանից գողացել են ավստրիացի նկարչի «Տիկնոջ դիմանկարը» կտավը:
Շուրջ 23 տարի կտավը կորած է համարվել և ընդամենը մեկ ամիս առաջ պատահաբար հայտնվել է թանգարանում: Դրանից հետո երկու տարեց տղամարդ խոստովանել են, որ տարիներ առաջ հենց իրենք են գողացել կտավը ու որոշել են այն վերադարձնել թանգարանին, քանի որ վախենում են պատիժ կրելուց: Այժմ այդ անփույթ հանցագործության մանրամասների բացահայտմամբ զբաղվում է Իտալիայի ոստիկանությունը: