Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին։ «Ես ստացել եմ համերգին ելույթ ունենալու առաջարկ: Երկար մտածելուց հետո ընդունել եմ առաջարկը: Հենց դա հաղթանակ կլինի»,- Արմենպրեսի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուզան Մանթաշյանը:
Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: Ավելի ուշ, ադրբեջանցի երգիչն «Ինստագրամ»-ի իր էջում նշել էր՝ իբր այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր Semper Opernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի Sempern Operball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:
Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ, բարձրացավ միջազգային մեծ աղմուկ։