Պ. Կոելյոն կոչնչացնի իր և Կոբի Բրայանտի դեռ չհրատարակված գիրքը

Պաուլո Կոելյոն կոչնչացնի նոր գրքի սևագիրը, որի վրա աշխատում էր Կոբի Բրայանտի հետ. գրում է The Guardian-ը:
Գրողը խոստովանել է, որ աշխարհառչակ մարզիկի հետ աշխատում էին մանկական գրքի վրա, որում պատմվելու էր սպորտի և կյանքի դժվարությունների մասին: Գրողի խոսքով Կոբիի մահից հետո այդ աշխատանքը կորցրեց իր իմաստը:

«Դու ավելին էիր, քան հանճարեղ խաղացող, թանկագին Կոբի Բրայանտ: Քեզ հետ աշխատելով, ես իսկապես շատ բան սովորեցի: Բայց հիմա ես կոչնչացնեմ մեր սևագիրը, քանի որ գիրքը կորցրել է իր իմաստը» – ասել է Կոելյոն:

Բրայանտը մինչ այդ աշխատել էր այլ գրողների հետ և հրատարակել սպորտի մասին պատմող գրքերի շարք: Քանի որ նա շատ էր սիրում Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպը, 2019 թվականի օգոստոսին ինքն էր միասին գիրք գրելու առաջարկ արել գրողին: Նրանց համատեղ գիրքը պատմելու էր այն մասին, թե ինչպես կարող է սպորտը օգնել երեխաներին հավատալ իրենց ուժերին և հաղթահարել սոցիալական դժվարությունները: