Ջամալայի երևանյան համերգը չեղարկվել է. ի՞նչն է պատճառը

Փետրվարի 14-ին Երևանում «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ առաջին անգամ պետք է կայանար հայտնի երչուհի Ջամալայի մենահամերգը, սակայն երգչուհու պաշտոնական էջում երեկ հրապարակվեց տեղեկություն, որ համերգը չի կայանալու։
«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, նշում է, որ խնդիրն առաջացել է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարից:

«Համերգի համար, երբ որ առաջին պայմանագիրն իրենք ուղարկեցին, նշված էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին մենք կանխավճար պետք է փոխանցեինք, բայց քանի որ առջևում Ամանորն էր, մենք պայմանավորվեցինք փոխանցումը կատարել հունվարի 10-ին, իրենք համաձայնեցին:
Խնդիրն առաջացել է նրանից, որ Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած, որ բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի «MuganBank»-ն է: Դե, բնակաբար, Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։

Հետո մենք խոսեցինք իրենց հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թիֆլիս և այնտեղ առձեռն տալ մի մարդու այդ գումարը, բայց այդպես մենք չհամաձայնեցինք: Առաջարկեցինք, որ մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար: Սպասեցինք , որ մեզ ուղարկեն նոր հաշվեհամար այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ:

Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը , ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,- ասել է Հայկ Անդրեասյանը:

«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչը նաև կարևորել է այն, որ տոմսերի վաճառքn սկսվել է միայն այն բանից հետո, երբ Ջամալայի պաշտոնական էջում իրենց կողմից տեղադրվել էր Երևանում կայանալիք համերգի մասին տեղեկությունը:

«Իրենց հետ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները մեզ մոտ կա՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և շատ այլ մանրամասներ: Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, որn իրենց կողմից էր առաջացել, ապա երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել միչև այդ հարցի կարգավորումը:

Այն պահից, երբ Ջամալայի պաշտոնական էջում տեղադրվեց պաստառն առ այն, որ Ջամալան այստեղ կունենա համերգ, սկսվեց տոմսերի վաճառքը: Իր էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am՝ մարդիկ գնում էին տոմսեր: Առանց իր պաշտոնական էջի հայտարարության, մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը:

Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ իրենց թելադրած կանոնակարգով ենք շարժվել»,- հավելեց Հայկ Անդրեասյանը: Նա նաև նշեց, որ ամբողջ խնդիրը միայն ադրբեջանական բանկի հետ էր կապված, և նրանց կողմից անսպասելի չեղարկումը անհասկանալի էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսեր, կարող են վերադարձնել և վերցնել գումարը: