Հարիսոն Ֆորդը կրկին կնկարահանվի Ինդիանա Ջոնսի դերում

Հոլիվուդյան աստղ Հարիսոն Ֆորդը կնկարահանվի լեգենդար Ինդիանա Ջոնսի մասին պատմող հինգերորդ ֆիլմում, հայտնում է dailymail.co.uk-ը՝ մանրամասնելով, որ տեղեկությունը հաստատել է պրոդյուսեր Քեթլին Քենեդին:

Նա պատմել է, որ Ինդիանա Ջոնսի վերաբերյալ ֆիլմաշարի հինգերորդ մասը կլինի կինոպատման շարունակությունը:
«Հարիսոն Ֆորդը կվերադառնա: Ֆիլմը կլինի կինոպատման շարունակությունը»,- ասել է Քենեդին՝ հավելելով, որ այժմ աշխատում են սցենարի վրա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք 77-ամյա Ֆորդը պատրաստ է դերին, պրոդյուսերն ասել է. «Օ, այո, նա շատ անհամբեր է»:

Աղբյուրը նշում է, որ նոր ֆիլմի ռեժիսորը, հավանաբար, կրկին Սթիվեն Սփիլբերգը կլինի: Հայտնի է, որ նախորդ չորս մասերը հենց օսկարակիր ռեժիսորն է նկարահանել:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2021թ. հուլիսի 9-ին:
Ինդիանա Ջոնսի մասին առաջին կինոնկարը նկարահանվել է 1981թ.: Տասնութ միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 390,1 մլն դոլար: