Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է «Բարի լույս, Ամերիկա» (Good Morning America) հաղորդման տաղավարում, որտեղ խոսել է տարբեր թեմաների, այդ թվում՝ մայրության, իրավաբանական կրթություն ստանալու և բիզնեսով զբաղվելու մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, աստղային հայուհին տաղավար է ներկայացել գայթակղիչ կազմվածքն ընդգծող հագուստով: Քարդաշյանը կրել է դեղինի տարբեր երանգներով կիպ բլուզ, կիսաշրջազգեստ և բարձրակրունկ կոշիկներ: Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա այն, ինչպես միշտ, ընդգծել է աստղի արտահայտիչ դիմագծերը:
Խոսելով իր առօրյայի մասին՝ Քարդաշյանը պատմել է, որ արթնանում է ժամը 5:40-ին, իսկ 6-ին արդեն մարզասրահում է լինում:
«Ընտանիքի մյուս անդամներին արթնացնում եմ ժամը 7-ին, հետո նրանք նախաճաշում են և 8-ին արդեն տնից դուրս են գալիս»,- պատմել է Քարդաշյանը՝ հավելելով, որ առօրյայի պլանավորման հարցում իր մոտ ամեն ինչ հստակ կանոնակարգված է: