Քրիստինե Պեպելյանի մենահամերգը, աստղային հյուրերն ու գեղեցիկ անակնկալը երկրպագուների համար

Փետրվարի 8-ին՝ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Քրիստինե Պեպելյանը գեղեցիկ համերգային ծրագրով ներկայացավ իր հանդիսատեսին՝ նրանց պարգևելով սիրառատ ու անմոռանալի երեկո։ Վերջին անգամ երգչուհին երկու տարի առաջ էր ներկայացել իր երևանյան երկրպագուներին համերգով: Լեփ-լեցուն սրահում հավաքված հյուրերը վայելեցին Քրիստինեի հին ու նոր կատարումները:

«Մի քանի տարի է, ինչ սիրահարների տոնի կապակցությամբ իմ անդավաճան հանդիսատեսի հետ հանդիպումներ եմ ունենում: Թող սերը բոլորիդ կյանքում շատ լինի: Սերը տարիք չի հարցնում: Բոլոր նրանք, ովքեր իրենց սրտում սեր ունեն, մաղթում եմ, որպեսզի այդ սերն անվերջ լինի, հարատև»,– ողջունեց բոլորին երգչուհին՝ ջերմորեն շնորհավորելով երիտասարդներին օրհնության օրվա կապակցությամբ։

Օրվա թեմային համահունչ՝ երգչուհին ընտրել էր հիմնականում լիրիկական երգեր։
Համերգին ներկա էին նաև երգչուհու շոուբիզնեսյան ընկերները՝ Ռազմիկ Ամյանը՝ տիկնոջ հետ, Արամեն և Աննա Թովմասյանը, Ագա Քանքանյանը և այլք: Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը:

Քրիստինե Պեպելյանն անակնկալ էր նախապատրաստել իր երկրպագուների համար․ համերգի ընթացքում նա ներկայացրեց «Դու ես» երգի պրեմիերան, որը նվիրված էր իր փոքրիկ որդուն՝ Արեգին։

Showbiz.am կայքի հետ զրույցում նա նշեց, որ չի ցանկանում անձնավորել երգը, այլ ուզում է, որպեսզի մարդիկ զգան այս ստեղծագործությունն ու հաճախ երգեն այն իրենց փոքրիկների համար․ «Եթե մեր կյանքում մի լավ բան եղել է, ապա դա մեր փոքրիկների ծնունդն է: Երկրպագուներս շուտով հնարավորություն կունենան տեսնելու «Դու ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը»,- հուզմունքով նշեց երգչուհին, ում որդին, սակայն, դահլիճում ներկա չէր։

Քրիստինեն հավատացրեց, որ փոքրիկ Արեգը ներկա է եղել գլխավոր փորձին, իր շունչն է թողել դահլիճում և հիմա երգչուհին երգելիս զգում է նրան․ «Երգելու ժամանակ չեմ կարողանում նայել տղայիս։ Երբ իրեն եմ նայում, ինձ մոտ ամեն ինչ խառնվում է ու լավ է, որ ինքը դահլիճում չի»։

Պրեմիերայից բացի Քրիստինեն հանդիսատեսին ներկայացրեց նաև իր ավելի վաղ շրջանի ստեղծագործություններից։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան