Ռուսլան Էլյազյանն արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է երգարվեստով։ Երգի պետական թատրոնում սովորելու տարիներից ի վեր, մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, հյուրախաղերով հանդես եկել մի շարք երկրներում։ Արթուր Գրիգորյանի երաժշտությամբ ու Ավետ Բարսեղյանի խոսքերով «Կյանք ու կռիվ» ֆիլմի համար ստեղծված երգը Ռուսլանի անկեղծ ու հուզիչ կատարմամբ դարձավ մեր ժամանակների զինվորի, հայրենիքի հանդեպ սիրո ու հաղթանակի մասին լավագույն ստեղծագործություններից մեկը։
Showbiz.am -ի հետ զրույցում Ռուսլան Էլյազյանը պատմել է 2019 թվականի տարեվերջին կայացած իր հարսանիքի, օրվա հիշարժան պահերի, ստեղծագործական նորությունների, շոու – բիզնեսում տիրող վիճակի և այլ հետաքրիր թեմաների մասին։
– 2019 թվականը Ձեր կյանքում նշանավորվեց տարեվերջին կայացած ամուսնությամբ: Այդ հրաշալի օրվա հատկապես ո՞ր պահն էր Ձեզ համար ամենահուզիչն ու հիշվողը:
– Այո, տարին ավարտվեց ու սկսվեց հարսանիքով, ուրախությամբ, երգ-պարով և իհարկե, ընտանեկան կարգավիճակի փոփոխությամբ, ինչի համար շատ ուրախ եմ։ Դա շատ սպասված էր և՛ ինձ համար, և՛ ընտանիքիս ու հարազատներիս։ Իսկ ամենահուզիչ ու տպավորիչ պահն այն էր, երբ աստիճաններով բարձրացանք դահլիճ, որտեղ բոլորը ոտքի կանգնած՝ ծափահարություններով, ժպիտներով ու պսպղուն աչքերով սպասում էին մեզ։
– Հայտնիներից ովքե՞ր էին ներկա Ձեր հարսանյաց արարողությանը:
– Հայտնիներից բավականին շատ էին՝ թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչներից: Ներկա էին բոլոր այն մարդիկ, որոնց հետ այս տարիների ընթացքում մտերմացել, ընկերացել ու հարազատացել ենք ։
– Այդ օրը եղե՞լ են Ձեզ համար հաճելի անակնկալներ:
– Իհարկե, անակնկալներ եղան` խոսքի տեսքով, հումորի ու երգի տեսքով։ Բոլորն էլ հաճելի էին ու հետաքրքիր։ Բայց ամենալավ անակնկալն իմ կնոջ հարսի գեղեցիկ պարն էր։ Շատ էի տպավորված ու ոչ միայն ես, այլև բոլոր ներկաները։
– Ի՞նչ ստեղծագործական նորությունների սպասենք մոտակա ժամանակներում:
– Այո, ստեղծագործական նորություններ լինելու են։ Մինչև տարեվերջ երկու նոր երգեր են սպասվում, հուսով եմ կհասցնեմ արդեն տեսահոլովակների հետ միասին ներկայացնել հանդիսատեսի դատին։ Երկու երգերն էլ շուտով կլսեք, դրանցից մեկը եղել է իմ անակնկալը կնոջս, որը կատարել եմ հարսանքիս ժամանակ։
– Դուք այն երգիչներից եք, ովքեր հանդես են գալիս տարատեսակ ժանրերում՝ փոփ, ֆոլկ և այլն: Ո՞րն է Ձեզ համար ամենահոգեհարազատ ժանրը և ինչու՞:
– Եթե պատասխանեմ պրոֆեսիոնալ լեզվով, ապա իմ ձայնային տվյալներին ավելի ճիշտ, հնչեղ ու սազական է էստրադային ժանրը, որում արդեն տասը տարի է ստեղծագործում եմ ու երգում տարբեր հեղինակների երգեր, բայց, եթե խոսենք հոգեհարազատության մասին, ավելի շատ նախընտրում եմ աշուղական, ժողովրդական արվեստը, Կոմիտաս, Սայաթ – Նովա։
– Ըստ Ձեզ հայկական շոու-բիզնեսում կա՞ն նպաստավոր պայմաններ, որպեսզի արտիստը կարողանա իրեն լավագույնս դրսևորել:
Թող կոպիտ չհնչի, բայց հայկական շոու-բիզնեսը, որպես այդպիսին, այնքան էլ կայացած չէ։ Ամեն երգիչ ու երգչուհի փորձում է իրեն դրսևորել՝ մի քիչ հեռուստատեսությամբ, մի քիչ համացանցով։ Նույնիսկ, եթե նկատել եք, մենք այսօր չունենք շատ համերգներ, հետաքրքիր միջոցառումներ ու հեռուստատեսային երաժշտական նախագծեր։ Շոու-բիզնեսը մի քիչ համացանցում է և հեռուստատեսությամբ, որքանով որ ալիքներով նոր տեսահոլովակներ են ցուցադրվում։ Իսկ իմ պատկերացմամբ շոու-բիզնեսը պրոֆեսիոնալ արտիստներն են, ովքեր գիտեն թե ինչ է բեմը, հանդիսատեսը, համերգը, շոուն ու դրա ամեն մի մասնիկը՝ երգ, պար, լուսային էֆեկտների ճիշտ օգտագործում։ Դա մարդիկ են, ովքեր կարող են զարմացնել իրենց հանդիսատեսին ու այնպես անել, որ նրանք երեք կամ հինգ ամիս սպասեն հաջորդ համերգին։ Իսկ հիմա չկան ձայնասկավառակներ, համերգներ, չկա շոու – բիզնես։ Կան ուղղակի ստեղծագործող անհատներ, ովքեր փորձում են գոյատևել այդ աստիճանի վրա։
– Եղե՞լ է Ձեր կյանքում այնպիսի մի իրավիճակ, որ մտածել եք թողնել երգարվեստը:
– Իմ կյանքում երբեք չի եղել երգարվեստը թողնելու միտք, որովհետև ես երգարվեստն ընտրելիս արդեն գիտակից և հասուն տարիքում էի ու գիտեի՝ ինչ եմ ուզում և ինչի համար։ Այո, դժվարություններ եղել են, երբ երգարվեստը չի բավարարում մարդու նյութական պահանջները, այլ միայն հոգիդ է բավարարում։ Իսկ ժամանակ առ ժամանակ միայն հոգու բավարարվածությամբ չես կարող ասել, որ գոհ ես։ Սկզբից պետք է վաստակել հետո այդ վաստակած գումարի մեծ մասը ներդնել քո երգարվեստի մեջ՝ նոր երգեր, տեսահոլովակներ ունենալու համար, որպեսզի այն քեզ նորից եկամուտ բերի։ Երբ դու սկսում ես ավելի շատ ծախսել, քան վաստակել, այդ ժամանակ միգուցե լինում են հիասթափություններ, բայց դրանք կարճատև ժամանակներ են, որոնք անցնում են ու հետո սկսում ես նորից։ Իմ մտքով երբեք չի անցել թողնել երգարվեստը ու զբաղվել այլ գործով, չնայած որ կարող եմ ուրիշ գործ էլ անել, բայց չէի ցանկանա։ Սիրում եմ ու մինչև վերջ զբաղվելու եմ երգարվեստով։
– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում և ստեղծագործելու ուժ տալիս:
– Ոգեշնչվել կարելի է և՛ մարդուց, և՛ բնությունից, և՛ սիրուց, և՛ էմոցիաներից ու տարբեր հոգեվիճակներից։ Նույնիսկ համերգի ժամանակ, երբ կենդանի կատարում ես, զգում ես այդ ոգեշնչման կարիքը ու դա ստանում ես քո հանդիսատեսից, նրանց աչքերից ու ծափերից։ Երբ հոգիդ իսկապես երջանիկ է, դա ամենամեծ ոգեշնչումն է։
– Ինչի՞ մասին եք երազում:
– Երազում եմ, որ մեր երկրում ամեն ինչ խաղաղ լինի, մեր առավոտներն ու երեկոները խաղաղ լինեն, զինվորի օրը ժպիտով անցնի, մեր հայրենիքը կայուն մնա, որովհետև եթե հայրենիքը կայուն լինի, ապա մեր կյանքը նույնպես կայուն կլինի: Եթե մեր հայրենիքը դրական տեմպերով առաջ գնա, մեր բոլորի կյանքն էլ դրական կդառնա ու մենք իսկապես մեզ երջանիկ ու լավ կզգանք։
Հեղինակ` Դիանա Զաքարյան