«Օսկար 2020»-ը դիտումների քանակով նոր հակառեկորդ է սահմանել

Լոս Անջելեսում կայացած «Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողության հեռուստալսարանը ռեկորդային նվազել է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Nielsen հետազոտական կազմակերպությանը:

«Օսկար» կինոմրցանակի հանձնման 92-րդ արարողության` ABC հեռուստաալիքով հեռարձակումը դիտել է 23,6 միլիոն մարդ: Nielsen-ի տվյալներով` արարողության հետևորդների թիվն անցյալ տարվա համեմատ կրճատվել է 20%-ով: Նախորդ հակառեկորդը սահմանվել էր 2018 թվականին, երբ մրցանակաբաշխությանը հետևել է 26,5 միլիոն մարդ:

«Օսկար 2020»-ը պատմական է դարձել, քանի որ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում: «Օսկար»-ի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթում է ոչ անգլալեզու ֆիլմ: