«Օսկար 2020» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթող Խոակին Ֆենիքսը շատ հետաքրքիր կերպար է։ Բացի տաղանդավոր դերասան լինելուց, նա նաև կենդանիների պաշտպանության ակտիվ ջատագով է, ինչը նա մեկ անգամ ևս իր ելույթով հաստատեց «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Ձեզ ենք ներկայացնում դերասանի մասին 5 ուշագրավ փաստ և տարբեր առիթներով արված մեջբերումներ։
Երեք տարեկան հասակում Խոակինը տեսել է, թե ինչպես է ձկնորսության ժամանակ ձուկը սատկում, և այդ օրից ի վեր չի կերել կենդանական ծագման սնունդ: Բացի այդ, նա չի կրում բնական կաշվից կարված հագուստ։ Բոլոր հագուստները, որոնք նա կրում է, պատրաստված են բացառապես սինթետիկ նյութերից և արհեստական կաշվից։ Մեկ անգամ Ֆենիքսը նույնիսկ հրաժարվել է նկարահանվել «Prada»-ի ֆոտոշարքի համար, քանի որ ստիպված էր լինելու կրել կաշվե կոշիկներ:
«Գրեթե 35 տարի է, ինչ ես խաղում եմ կինոյում: Բայց ես դեռ չեմ կարողանում քնել նկարահանումների նախօրեին: Առաջին երեք շաբաթները ես պարզապես անդադար հուզմունքից քրտնում եմ: Նյարդային վիճակ է․.. պաշտում եմ դա»։
«Ջոկեր»-ի դերի համար Խոակին ֆենիքսը կարճ ժամանակում կորցրել է ավելի քան 23 կգ: Դերասանը խոստովանել է, որ քաշի կորուստը մոլուցքի պես էր և նրան արդեն խելագարության էր հասցնում, չնայած որ նա նիհարում էր բժշկի հսկողության ներքո:
«Սուպերհերոսների մասին ֆիլմերում միշտ կան բարին ու չարը: Չարը հարձակվում է, բարին պաշտպանվում: Բայց իրական կյանքում ամեն ինչ այլ է, քանզի չարը փորձում է գայթակղել քեզ»:
«Ջոկեր» ֆիլմի համար նիհարելու փորձը միակը չէ Ֆենիքսի կարիերայում: 2018 թվականին նկարահանված «Մարիա Մագդալենա» ֆիլմի համար, որտեղ դերասանը մարմնավորում էր Հիսուս Քրիստոսին, նույնպես բավականին քաշ էր կորցրել՝ ընդունելով օրական 300 կկալ-ից ոչ ավել։ Խոակինն այդ քայլին գնացել էր հյուծված տեսք ունենալու համար: Բացի այդ, նա մանրակրկիտ ուսումնասիրել էր բոլոր Ավետարանները և ընտրել Հիսուսի այն առանձնահատկությունները, որոնք իր կարծիքով ամենահատկանշականն էին Քրիստոսի կերպարում։ Ի դեպ, ինքը՝ դերասանը աթեիստ է:
«Երբ ինձ առաջարկեցին մարմնավորել Հիսուսին, ես մտածեցի՝ վերջապես, ինչ-որ մեկն ինձ հասկացավ»։
Իր առաջին դերը Ֆենիքսը խաղացել է 10 տարեկան հասակում՝ նկարահանվելով «Խնջույք Տիեզերքում» ֆիլմում:
«Երբեք չեմ կարդում իմ կամ իմ ֆիլմերի մասին համացանցում արված ակնարկները»։
«Թիմ 49. Կրակե սանդուղք» ֆիլմում նկարահանումները սկսելուց առաջ դերասանն ավարտել է Հրշեջների ակադեմիան և որոշ ժամանակ աշխատել որպես իսկական հրշեջ, որպեսզի կարողանա հնարավորինս լավ կերտել այդ կերպարը։
«Կան դերասաններ, որոնք իրենց նկարահանման հրապարակի մեքենաներում պահանջում են տեղադրել են էսպրեսսոյի սարքեր ու պատերին փակցնում իրենց պաստառները, ամբողջ օրը պտտվելով դրանց շուրջը: Ես այդպիսին չեմ»: