Valentine’s Day. Շատ տարբեր, բայց ներդաշնակ ու սիրով. Դավիթ Միրոյանի և Սոնա Աբրահամյանի սիրո բանաձևը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպե՞ս են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանո՞վ են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյո՞ք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Ռեփեր, պրոդյուսեր Դավիթ Միրոյանը և հաղորդավարուհի-լրագրող Սոնա Աբրահամյանն իրենց հարաբերությունները օրինականացրին 2018 թվականի սեպտեմբերին, սակայն նրանց սիրո վերաբերյալ երկրպագուները կասկածներ ունեին դեռ 2010-ից: Միմյանց լրացնող, ջերմ ու հարազատ. այսպիսին է աստղային այս զույգը, որը հազվադեպ է խոսում անձնականի մասին ու համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը:

1.Կպատմե՞ք՝ ինչ զգացիք Ձեր առաջին հանդիպման ընթացքում
Սոնա. Մեր առաջին հանդիպումը եղել է գործնական, ես որպես լրագրող հատուկ ռեպորտաժ էի պատրաստում անկախության սերնդի մասին, Դավիթին նկարահանել եմ, որովհետև այդ տարիներին ամենաակտիվ գործող ռեփերներից էր։ Հետևաբար տպավորությունը դրական էր, բայց ոչ ավելին:

Դավիթ. Հիշում եմ … 45 թիվն էր, մտանք Բեռլին: Իրականում ամեն ինչ, այնքան վաղուց էր, որ դժվար է հիշել՝ ինչ զգացի:

 

2.Հիշու՞մ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք
Սոնա. Առաջին անգամ հանդիպել ենք 11 տարի առաջ, ընկերություն սկսել ենք անել 8 տարի առաջ: Շատ դրական տպավորություն էր։
Դավիթը միշտ է եղել հետաքրքիր շփման մեջ, լավ երաժշտություն էր լսում, լավ ֆիլմեր էր դիտում, դրական էներգետիկա ուներ, հետևաբար տպավորությունը եղել է դրական:

Դավիթ. Շփումը գործնական էր:

3.Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը
Սոնա. Սիրելի գիծը ուշադրությունն է, համբերատարությունը։
Չսիրածը՝ միշտ ուշանում է, իսկ ես պունկտուալ եմ:
Ինձ ամենից շատ նյարդայնացնում է, երբ ես խոսում եմ, իսկ ինքը չի լսում ինչ-որ կետից սկսած:

Դավիթ. Սոնան մի բնավորության գիծ ունի, որը և ահավոր սիրում եմ, և ժամանակ առ ժամանակ կարող է մոտս նյարդային ցնցումներ առաջացնել, և այն է՝ պարտաճանաչություն-պունկտուալությունը։

4.Ի՞նչ է անում Ձեր սիրելին, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել
Սոնա. Միշտ էլ գտնվում է ինչ-որ բան, որ այդ էտապում շատ եմ ուզում, ու որի ձեռքբերումը կարող է իր դրական էֆեկտը թողնել:

 

Դավիթ. Սոնան երբևիցե ինձնից ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի ունենում,որովհետև դրան երբևիցե չի էլ հասնում, իսկ սիրտը շահելու արարողությունը արվել է շատ վաղուց:

 

5.Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա
Սոնա. Չկան բնավորության գծեր, որ փոխել եմ, ես ընդունում եմ իրեն այնպիսին, ինչպիսին կա, ինքն էլ՝ ինձ։ Ուղղակի տարիների ընթացքում սովորել ենք մեր տարբեր բնավորությունները հարմարեցնել իրար:

 

Դավիթ.Այն , որ հարաբերությունները կոմպրոմիսներ է սիրում,  միանշանակ է, բայց դժվար կարողանամ հստակ բնավորության գիծ նշել:

6.Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը
Սոնա. Իրար սիրելը և այն, որ մեզ հետաքրքիր է իրար հետ:
Դժվարանում եմ բանաձևումներ տալ: Երջանկությունն այս դեպքում ներդաշնակ  զգալն է ինքդ քեզ:

Դավիթ. Դ+Ս=Ս:

7.Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է
Սոնա. Իհարկե, Դավիթը:
Դավիթ.Իհարկե, ես:

8.Ո՞վ է ավելի էմոցիոնալ
Սոնա. Ես ավելի էմոցիանալ եմ:
Դավիթ. Միանշանակ, Սոնան:

9.Ո՞վ է ավելի ներողամիտ
Սոնա. Երկուսս էլ, ուղղակի իմ դեպքում, ես ներում եմ, բայց չեմ մոռանում: 
Դավիթ.Երկուսս:

10.Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում
Սոնա. Երկուսս էլ դեմ չենք անակնկալների, բայց սովորաբար ես չեմ համբերում ու անակնկալի մասին նախապես եմ ասում, իսկ Դավիթի մոտ ինտրիգը պահելը ավելի լավ է ստացվում:
Դավիթ. Իսկ կա՞ մարդ, որ անակնկալներ չի սիրում:

11.Ո՞վ է ավելի շուտ արթնանում
Սոնա. Ավելի շուտ արթնանում է նա, ում աշխատանքն այդ օրը ավելի շուտ է սկսում:
Դավիթ. Արթնանում է նա, ով շուտ է գնում աշխատանքի:

12.Ո՞վ է ավելի ռոմանտիկ
Սոնա. Մենք երկուսս էլ ռոմանտիկ չենք բառի այն իմաստով, որ սովորաբար ընկալվում է։
Ռոմանտիկայի դրսևորումները մեզ համար փոքր դետալների մեջ են, որ գուցե մյուսների համար բոլորովին ռոմանտիկայի հետ չասոցացվեն:
Դավիթ. Ոչ մեկս:

13.Ո՞վ է ավելի ինքնավստահ
Սոնա. Միանշանակ երկուսս էլ ինքնավստահ ենք Բայց Դավիթը կասի, որ ես:
Դավիթ.Սոնան:

14.Ո՞վ է ավելի համառ
Սոնա. Դավիթը:
Դավիթ. Համառության առումով  իմ անունը անքննելի է:

 Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան