Շնորհավոր ծնունդդ, Ուիլյամս

Այսօր իր ծնունդն է նշում բրիտանացի երգիչ և երգահան Ռոբի Ուիլյամսը: Այս հետաքրքիր և արտառոց մարդը հաղթահարել է բազմաթիվ խնդիրներ ու վերապրել շատ վերելքներ և անկումներ: Երևի յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, սիրում է այս երգչին, թե ոչ, կհամաձայնվի, որ Ռոբին իր ստեղծագործություններով հսկայական նշանակություն ունի համաշխարհային երաժշտության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ուշագրավ փաստ հայտնի բրիտանացու կյանքից և տարբեր ժամանակներում նրա տված հարցազրուցներից որոշ մեջբերումներ:

Էլթոն Ջոնը Ռոբի Ուիլյամսին անվանել է «21-րդ դարի Ֆրենկ Սինատրա»՝ նրա ձայնի թավշյա տեմբրի և գեղեցիկ կատարումների համար:

«Ես ի ծնե արտիստ եմ: Երբ բացում եմ սառնարանի դուռը ու դրա լույսը վառվում է, ապա արդեն ուզում եմ երգել»:

Իր մարմնի վրայի բազմաթիվ դաջվածքների համար Ռոբի Ուիլյամսին անվանում են մարդ-նկար: Դաջվածքներից մեկը աղոթքի խոսքերն են, որոնք երգիչն ասում է ամեն անգամ բեմ բարձրանալուց առաջ: Նրա թիկունքին լեգենդար «The Beatles» խմբի « All you need is love» երգի տողերն են:

«Կյանքը շատ կարճ է վախենալու համար»:

Ո՛չ սկանդալային հեղինակությունը, ո՛չ համասեռամոլության կեղծ մեղադրանքները, որոնց համար երգիչը դատական ​​հայց ներկայացրեց ու բավականին կլորիկ գումարի չափով փոխհատուցում ստացավ, չեն խանգարել կանանց շրջանում Ուիլյամսի հաջողություններին: Տարբեր ժամանակներում Ռոբիի սիրելիներն ու ընկերուհիներն են եղել Քեմերոն Դիասը, Քրիստինա Ագիլերան, Դրյու Բարրիմորը, Նիկոլ Քիդմանը, Լինդսի Լոհանը և այլ հայտնի աստղեր:

«Ես բարձր ասացի «ՈՉ» ալկոհոլին և թմրանյութերին, բայց դրանք ինձ այդքան էլ չեն ենթարկվում»:

Ռոբի Ուիլյամսն իր կարիերան սկսել է «Take That» խմբի կազմում, երբ դեռ ընդամենը 16 տարեկան էր: Ստեղծագործական գործունեության հինգ տարիների ընթացքում երաժիշտներն ավելի շատ ձայնագրություններ են վաճառել իրենց հայրենիքում, քան «The Beatles» խմբի ժամանակներից ի վեր մյուս բոլոր խմբերը:

«Եթե նկատում ես, որ կանգնած ես բարձունքին, ապա պատրաստ եղիր ընկելու»:

Ռոբի Ուիլյամսը 2001 թվականից UNICEF-ի բարի կամքի դեսպան է: Նա անընդհատ մասնակցում և կազմակերպում է տարբեր բարեգործական միջոցառումներ, ֆինանսապես օգնում աղետների պատճառով տուժված մարդկանց, առողջական խնդիրներ ունեցող երեխաների և այլ բարեգործական հիմնադրամների:

«Եթե ուզում եք փոխել աշխարհը, սեր ճառագեք»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան