Դաունի համախտանիշ ունեցող 4-ամյա աղջնակը մոդել է դարձել և նկարահանվում է հագուստի գովազդներում (լուսանկարներ)

Բրիտանական Չեշամ քաղաքի 4-ամյա բնակչուհի Կառա Բրաունը, որը լույս աշխարհ է եկել Դաունի համախտանիշով, արդեն մոդել է դարձել և նկարահանվում է գովազդներում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ծնողներն, իմանալով իրենց երեխայի ախտորոշման մասին, սկզբից ևեթ չեն հուսահատվել և ծնվելու առաջին օրվանից համապատասխան աշխատանք են տարել նրա հետ: Արդյունքում` աղջնակը հեշտությամբ հաղորդակցվում է և նկարահանվում տարբեր ապրանքանիշերի մանկական հագուստի գովազդներում:

«Կառան օգնում է մարդկանց առավել ընդարձակ աշխարհայացք ձևավորել և կոտրում է Դաունի համախտանիշի մասին բացասական կարծրատիպերը, դա ֆանտաստիկ է: Նա շատ լավ է գլուխ հանում, և ես հպարտ եմ նրանով»,- ասել է Կառայի մայրը:

Մոր խոսքով՝ Կառան մեծ հայտնիություն է ձեռք բերել իր բնակավայրում: Աղջիկն ինքը շատ է սիրում նկարահանումների ընթացքը և հաճույքով նայում է ստացված լուսանկարները: