«Հարս չկա»․ Մենչի նոր նախագիծը Բեն Ավետիսյանի, Անի Խաչիկյանի, Գոռ Հակոբյանի, Գրիգոր Դանիելյանի և մյուս հայտնի դերասանների մասնակցությամբ

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, շուտով իր հավատարիմ հեռուստադիտողի դատին կհանձնի հումորային նոր նախագիծ։ «Հարս չկա» սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 9-ից, իսկ նկարահանումները կսկսվեն փետրվարի 23-ից։

ShowBiz.am-ի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը պատմեց, որ նոր հումորային նախագիծը բաղկացած է լինելու 24 մասից։ Այն պատմում է ԱՄՆ-ում ծնված և մեծացած մի մեծահարուստ երիտասարդի մասին, ով Հայաստան է գալիս իր համար հարսնացու գտնելու նպատակով։
Մեծահարուստ երիտասարդին կմարմնավորի դերասան Բեն Ավետիսյանը, իսկ գլխավոր հերոսուհու դերում հանդես կգա Անի Խաչիկյանը։

Նոր սիթքոմում նկարահանվելու են նաև արդեն բոլորիս կողմից հայտնի և սիրված դերասաններ Գրիգոր Դանիելյանը, Գոռ Հակոբյանը, Աղաս Մանուկյանը, Լևոն Հարությունյանը, Էլեն Ասատրյանը, Մարիամ Ալեքսանյանը, Ժոր Հովհաննիսյանը, Ելենա Բարիսենկոն, Տիգրան Գյուլումյանը, Օնո Մանուկյանը և շատ ուրիշներ։

Մենչն այս նախագծում հանդես կգա միայն պրոդյուսերի դերում՝ ի տարբերություն նախորդ սիթքոմների․ «Ես այս պահին դեռ որպես դերասան այս նախագծում հանդես չեմ գալու»։

 

Չնայած նրան, որ շատերը սպասում էին «Full Yere1» նախագծի շարունակությանը, Մենչը նշեց, որ այն երկրորդ եթերաշրջան չի ունենա և կմնա այն, ինչն արդեն կա։ «Այս նախագծով ցանկացա նոր բան անել՝ հագեցած նոր շնչով և մոտեցումներով»,- զրույցի ընթացքում նշեց Արմեն Պետրոսյանը։

Մենչն այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում․ «Մոտակա ժամանակներս նախատեսում եմ վերադառնալ Հայաստան։ Ես այստեղ եմ ժամանակավոր, գործի բերումով՝ գործուղման եմ։ Շատ շուտով կվերադառնամ»։

«Հարս չկա» հումորային նախագծին զուգահեռ պրոդյուսերն այլ պլաններ ևս ունի։ Մենչը խոստացավ, որ դրանք ևս ոչ պակաս հետաքրքիր կլինեն, սակայն դրանց մասին մանրամասներն մի փոքր ավելի ուշ հայտնի կդառնա։

Հեղինակ՝ Լուս Ավագյան