Բեն Աֆլեքը հայտնել է, որ ալկոհոլից կախվածությունն է կնոջից բաժանման և Բեթմենի դերից հրաժարվելու միակ պատճառը

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը նշել է, որ կնոջից բաժանման և Բեթմենի դերից հրաժարվելու միակ պատճառն ալկոհոլից կախվածությունն է եղել: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։

47-ամյա ամերիկացի դերասանի խոսքով` ալկոհոլից կախվածությունն է քանդել իր ընտանիքն ու վնասել կարիերային: Աֆլեքը 20 տարի շարունակ պայքարում է այդ երևույթի դեմ:

Աֆլեքը պատմել է, որ ցավում է Ջենիֆեր Գարներից բաժանվելու համար և խոստովանել է, որ բաժանումից հետո` 2015-16 թթ. ավելի շատ է սկսել խմել: Հենց խմիչքի պատճառով էլ հրաժարվել է հանդես գալ Բեթմենի դերում։

Դերասանը նաև հավելել է, որ մեղքի զգացողություն ունի իր երեխաների` 14-ամյա Վայոլետի, 11-ամյա Սերաֆինայի և 7-ամյա Սամուելի առաջ: Նա նշել է, որ չի ցանկանում, որպեսզի իր երեխաները տեսնեն այն տեսանյութը, թե ինչպես է նա իրեն պահում` գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ։