Սկանդալային դերասանը «Առաջին ալիքում» կփոխարինի Դմիտրի Շեպելևին

Դերասան ու հեռուստահաղորդավար Տիմուր Երեմեևը «Առաջին ալիքի» «На самом деле» («Իրականում») շոուի հաղորդավարի պաշտոնում կփոխարինի Դմիտրի Շեպելևին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Այսօր մենք որոշում ընդունեցինք, որ մեր ճանապարհները բաժանվում են: Ես այլևս չեմ աշխատում «Առաջին ալիքում»: Սա երկկողմանի դժվար որոշում էր: Դրան չեն նախորդել կոնֆլիկտներ կամ դժգոհություններ: Շնորհակալ եմ: Սա հիանալի ճանապարհորդություն էր»,- օրեր առաջ իր ինստագրամյան էջում գրել էր Դմիտրի Շեպելևը՝ հայտնելով երկրպագուներին, որ հեռանում է «Առաջին ալիքից»:

Հաղորդման աշխատակիցները նոր հաղորդավարի անունը հայտնել են Շեպելևի մասնակցությամբ վերջին թողարկման ընթացքում։
Երեմեևը հայտնի է դարձել «Пусть говорят»-ի տասնյակ եթերներից հետո, որոնց ընթացքում ապացուցել է, որ Սպարտակ Միշուլինի՝ արտամուսնական կապից ծնված որդին է։

Հաղորդումներից մեկի ընթացքում ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է Տիմուրի և ժողովրդական արտիստ Սպարտակ Միշուլինի ազգակցությունը։ Սակայն նա դատարան չի դիմել՝ ազգակցության փաստը պաշտոնապես արձանագրելու համար։