Նոր ամուսնալուծություն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում

Բրիտանական թագավորական ընտանիքի համար 2020-ը սկսվեց վատ լուրերով: Նախ` արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հրաժարվելն էր թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակից և հարակից բոլոր արտոնություններից: Դրան հաջորդել էին թագավորական 2 ընտանիքների ամուսնալուծության մասին հայտարարությունները:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եղբորորդին՝ 58-ամյա Դեյվիդ Արմսթրոնգ-Ջոնսը, 26 տարվա ամուսնությունից հետո փետրվարի 17-ին հայտարարել էր կնոջ՝ Սերենայի հետ ամուսնալուծության մասին: Թագավորական ընտանիքի մամուլի խոսնակի հայտարարությամբ՝ նրանք բաժանվել են փոխադարձ համաձայնությամբ: Ամուսնալուծության իրական պատճառը չի նշվում։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիպսի կինը 12 տարվա համատեղ կյանքից հետո որոշել էր ամուսնալուծվել։

Դրանք թագավորական ընտանիքի առաջին ամուսնալուծության դեպքերն  էին վերջին 24 տարիների ընթացքում:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամեմաաղմկոտ ամուսնալուծությունը տեղի էր ունեցել 1996-ին` արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի միջև:

Հետաքրքիր է, որ բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետ, հոգեբան Ուեյն Դյուպրին կանխատեսել է արքայազն Հարրիի և Մեգանի ամուսնալուծություն` այն համարելով անխուսափելի։

«Մեգանը նրան կթողնի հինգ տարի հետո, գուցե նույնիսկ երեք տարի հետո: Նա կվերադառնա Հոլիվուդ բոլորովին այլ կարգավիճակում. ամբողջ աշխարհը նրան այժմ ճանաչում է»,- իր կանխատեսումը Դյուպրեն կիսել է կանադական The Globe պարբերականին տված հարցազրույցում: