«Ես այն երջանիկներից եմ․․․»․ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր դերերի, տարիների ընթացքում կուտակված փորձի, ընտանքի և իրար նման ու տարբեր դերերի մասին

Թատրոնն ու կինոն դարձել են մեր կյանքի անբաժան մասնիկները և արվեստն ու մշակույթը սիրող ցանկացած մարդ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ այցելում է թատրոն կամ կինո, վայելում դերասանների խաղը, վերալիցքավորվում և անցնում իր միապաղաղ կամ գուցե՝ ոչ այնքան, առօրյային։
ShowBiz.am-ը զրուցել է թատրոնի և կինոյի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ, խոսել իր նոր դերերից, տարիների ընթացքում կուտակված փորձից, սիրած դերասան-դերասանուհիներից, ընտանքից, ինչպես նաև տարբեր ու նմանատիպ դերերից։

– Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք․ թատրոնում և հեռուստատեսությամբ նոր դերեր, նախագծեր կլինե՞ն։
– Այս պահին չափազանց զբաղված եմ և՛ թատրոնում, և՛ հեռուստատեսությամբ։ Ես նաև դասավանդում եմ դերասանի վարպետություն կրտսեր սերնդին։ Իհարկե, անակնկալներ ևս կլինեն, սակայն այժմ չեմ բացի փակագծերը, անակնկալը թող մնա անակնկալ։

– Աշխատանքի հետ զուգահեռ ինչպե՞ս եք հասցնում բավարար ժամանակ տրամադրել ամուսնուն ու երեխաներին։
– Ես երբեք աշխատանքը չեմ բերում ընտանիք և հակառակը՝ անձնականը չեմ խառնում իմ աշխատանքի հետ։ Այսինքն՝ երբ մտնում եմ տուն, միանգամից դառնում եմ տան կին, մայրիկ, որպեսզի հասցնեմ ամեն ինչ անել երեխաներիս և ամուսնուս համար։

– Ձեր աշխատանքում ի՞նչն է ձեզ ամենաշատը դուր գալիս և ընդհակառակը՝ կա մի բան, որը ստիպված եք անում։
– Ես հաճույքով եմ աշխատում և ամեն մի գործ, որը հանձն եմ առնում ու ընտրում ինձ համար, անում եմ մեծ սիրով և պատասխանատվությամբ, իսկ եթե գործն ինձ այլևս հաճույք չի պատճառում, միանգամից բացասական պատասխան եմ տալիս և վերջ։

– Ինչպե՞ս եք դերերին նախապատրաստվում, կա՞ հատուկ ձև, որով ձեզ տրամադրում եք ու գործի անցնում։
– Ընդհանուր առմամբ, երբ դեռ նոր էի այս գործում, ինձ շատ էի տրամադրում, շատ էի կենտրոնանում, իսկ հիմա նույնիսկ դրա ժամանակը չունեմ ու երևի ինձ թույլ կտամ ասել, որ դա արդեն պրոֆեսիոնալիզմ է։ Րոպեական կենտրոնացումը և տեսքստերի արագ սովորելը արդեն դարձել են սովորական գործընթաց։ Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, բայց իհարկե հաճախ դերեր են լինում, որ առանձնահատուկ կենտրոնացում ու ուշադրություն են պահանջում, ու դու ստիպված ես լինում մի որոշ ժամանակ մեկուսանալ ու մտածել։

– Ավելի շատ դրամատիկակա՞ն, թե՞ կոմիկ դերերն եք նախընտրում:
– Երկու տիպի դերերն էլ սիրում եմ։ Ես կարծում եմ, որ դերասանը կամ դերասանուհին պետք է լինեն բազմապրոֆիլ, և նրա համար դժվարություն չպետք է առաջացնի ոչ մեկը և ոչ էլ մյուսը։ Պետք է հասկանալ, որ տարբերություն չկա, թե ինչպիսին է դերը, կարևորը դրա ճիշտ և պրոֆեսիոնալ մատուցումն է։

– Կարո՞ղ եք նշել այն գործընկերներին, որոնց հետ խաղալն ու նկարահանվելը ձեզ հաճույք են պատճառում։
– Անուններ չեմ տա, բայց իհարկե կան մարդիկ, ում հետ խաղալը մեծագույն հաճույք է, ինչո՞ւ չէ, նաև՝ պատիվ։ Իհարկե շատ ունեմ գործընկերներ, ովքեր ինձ համար օրինակ են, ումից միշտ սովորելու բան կգտնեմ, քանի որ մեր գործում կատարյալ արդյունքի հասնելը շատ բարդ է, գրեթե անհնարին և միշտ կատարելագործվելու տեղ հաստատ կա։ Ես սիրում եմ իմ բոլոր գործընկերներին և փորձում եմ նրանց հետ միշտ շփման և խաղալու ճիշտ և արդյունավետ ուղիներ գտնել։

– Ունե՞ք չափազանց սիրելի դերասան կամ դերասանուհի, ում հետ կցանկանայիք հանդիպել։ Ինչի՞ մասին կխոսեիք նրա հետ։
– Իհարկե ունեմ, բայց գիտեք՝ այսպիսի մի բան կա, որ եթե նույնիսկ չես կարողանում խոսել քո սիրելի արտիստի հետ, կիսվես նրա հետ, դու դրա փոխարեն կարդում ես նրա մասին, նայում նրա հարցազրույցները, ինքդ քո մեջ զրուցում նրա հետ)) Ես ինձ համար միշտ ունեցել եմ նախատիպեր և, ինչո՞ւ չէ, նաև շատ կուզեի ինչ-որ դերի կամ կերպարների մասին նրանց հետ քննարկում ունենալ, լսել նրանց կարծիքն ու խորհուրդը։

– Դրակա՞ն, թե՞ բացասական դերերն եք նախընտրում մարմնավորել և ինչո՞ւ։
– Ես այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել և՛ դրական, և՛ բացասական դերեր խաղալ, և ինձ համար տարբերություն չկա՝ ես որ դերում հանդես կգամ ։ Կարծում եմ՝ ռեժիսորն ավելի լավ գիտի, թե քեզ որ դերն է ավելի հարմար, և թե դու որում քեզ ավելի կոմֆորտ կզգաս։ Չափազանց զգայուն եմ դարձել հենց դերերի ընտրության հարցում։ Այսինքն՝ չեմ սիրում նմանատիպ դերեր, ես սիրում եմ տեսակներ, ես սիրում եմ աշխատել և հույս ունեմ, որ ինձ մոտ դեռ ամեն ինչ լավ կլինի։ Ես չեմ համարում, որ հասել եմ այն բարձրակետին, որտեղ պիտի լինեի, ես ուղղակի սիրում եմ իմ գործը, սիրում եմ միշտ սովորել և ձգտել ավելիին։

Հեղինակ՝ Լուս Ավագյան