«Անելանելի ու դեպրեսիվ վիճակ էր, որը, գուցե և, մինչ օրս էլ չեմ հաղթահարել լիովին»․ Նոնա Թելոյանն աշխատանքի և անձնականի մասին

Դերասանուհի Նոնա Թելոյանը երեխա ունենալուց հետո սակավ է հեռուստաէկրաններին երևում՝ փոքրիկ որդուն բավարար ժամանակ հատկացնելու և անհրաժեշտ դաստիարակությունն ապահովելու համար։ Դերասանուհին հենց այդ պատճառով է, որ այժմ շատ դերերի առաջարկներ է մերժում և միայն նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունում՝ «Ընտանեկան գաղտնիքներ» նախագծում, ինչպես նաև ամուսնու՝ դերասան Դավիթ Հակոբյանի հետ միասին զուգահեռ զբաղվում է հանդիսավարությամբ։

ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ, ով մեր հարցերին անկեղծ պատասխանելով՝ անդրադարձել է իր աշխատանքին ու դրա արդյունքում առաջացած դեպրեսիային, խոսել է իրենց գործի եկամտաբերությունից, բազմաթիվ դերերից ու իրենց երեխայի ճիշտ դաստիարակությունից։ Դերասանուհին նաև մեզ է տրամադրել իր նոր ֆոտոշարքը։

– Աշխատանքի հետ զուգահեռ ինչպե՞ս եք հասցնում բավարար ժամանակ տրամադրել ամուսնուն ու երեխային։
– Հիմնականում աշխատում եմ իմ ազատ ժամերին, չնայած որ ամուսինս միշտ պատրաստ է աջակցել և թույլ տալ, որ ես աշխատեմ, որքան որ անհրաժեշտ է, սակայն որդիս դժվար է սովորում իմ բացակայությանը։ Տարիքի հետ փորձում ենք ամեն բան հաղթահարել։

– Ձեր աշխատանքում ի՞նչն է ձեզ ամենաշատը դուր գալիս և ընդհակառակը՝ կա՞ մի բան, որը ստիպված եք անում։
– Դերասանի աշխատանքը ինքնին շատ բարդ մեխանիզմներով է աշխատում․ ես, իհարկե, բոլոր գաղտնիքները չեմ բացահայտի, բայց կնշեմ մի գործոն, որը և՛ լավ է, և՛՝ վատ։ Մեր աշխատանքը երբեք կայուն չէ․ այն մի օր կա, իսկ հաջորդ պահին կարող է վերջանալ և այդպես մինչև հաջորդ առաջարկը։
Իսկ լավ է այն առումով, որ դու երբեք չես ձանձրանում․ միշտ տարբեր դերեր, տարբեր թեմաներ ու երբեք չկրկնվող ու հետաքրքրական աշխատանք՝ ի տարբերություն այլ գործերի, որի ժամանակ դու, անընդհատ նույն բանն անելով, կարող ես շատ արագ հոգնել կամ ձանձրանալ։

– Այսքան ժամանակ եղե՞լ է պահ, երբ ափսոսացել եք ընտրած մասնագիտության հարցում։
– Պետք է խոստովանեմ, որ եղել է պահ, երբ ափսոսել եմ ընտրածս մասնագիտության հարցում։ Եվ դա եղել է երկարատև դադարից հետո, երբ ես պարզ հասկացա, որ ընտանիքս ամենակարևորն է, և որ նրանք չպետք է զգան իմ բացակայությունը աշխատանքիս պատճառով։ Ես հասկանում էի, որ հետո, երբ ամեն բան բաց թողնեմ, անպայման կզղջամ։ Անելանելի ու դեպրեսիվ վիճակ էր, որը գուցե և մինչ օրս էլ չեմ հաղթահարել լիովին։

– Դերասանի մասնագիտությունը Հայաստանում արդյո՞ք եկամտաբեր գործ է, թե՝ ոչ։
– Դերասանի աշխատանքը չեմ կարող եկամտաբեր համարել Հայաստանում։ Պատճառները շատ շատ են. գուցե հասարակության աչքին դերասանի աշխատանքը եկամտաբեր թվա, բայց դա թվացյալ է։

– Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ապագայում որոշել են դերասանի գործն ընտրել։
– Բոլոր նրանք, ովքեր ուզում են ընտրել այս մասնագիտությունը, միայն կարող եմ խորհուրդ տալ, որ ամեն կերպ փորձեն մի երկարատև ընթացք հետևել ոչ միայն դերասանի աշխատանքի արդյունքին, այլ նախևառաջ՝ գործընթացին։
Շատերի մոտ պատկերացումները 80 տոկոսով սխալ են լինում, քանի որ մեր աշխատանքի հենց 80 տոկոսը ստեղծման պրոցեսն է, որը և՛ բարդ է, և՛ միաժամանակ շատ հաճելի, եթե, իհարկե, սիրում ես գործդ։

– Ձեր ո՞րն դերն է ամենից շատ տպավորվել ձեզ մոտ և ինչո՞ւ։
– Իսկապես դժվարանում եմ ասել, թե որ դերերն եմ ավելի շատ սիրել․ դրանք շատ են թե՛ թատրոնում և թե՛ հեռուստատեսությամբ։ Ես բոլորն եմ սիրել ու հավատացել լավ արդյունքին, ու ամենակարևորը՝ մշտապես անկեղծ եմ եղել։

– Որո՞նք են ձեր աշխատանքի պլյուսներն ու մինուսները։
Մեր աշխատանքի պլյուսների և մինուսների մասին կարելի է անվերջ խոսել։ Բայց եթե սիրում ես, իսկ արվեստը մեծ սեր է, ապա սիրո մեջ մինուսներ չկան կամ պարզապես դրանք սկսում ես ավելի շատ սիրել, քանի որ քոնն են։

– Ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվել հայտնի դառնալուց առաջ և հետո։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ձեր և ձեր ամուսնու հայտնիությունը ինչքանո՞վ և ինչպե՞ս կազդի ձեր երեխայի դաստիարակության և ապագայի վրա։
– Հեռուստատեսությունը մարդիկ տարբեր կերպ են ընկալում և օգտագործում։ Մեր դեպքում այն մեզ որևէ կերպ չի խանգարում, մենք ազատ ենք ապրում և երբեք ոչինչ չենք անում պարտադրված կերպով։
Մեզ փողոցում տեսնողներն ու ճանաչողները կարող են հաստատել դա։ Ես առօրյայում ապրում եմ Նոնայի կյանքով՝ դուրս սերիալային դերերից։
Իսկ մեր որդին պարզապես կօգտվի մանկուց արվեստին մոտ լինելու հնարավորությունից։ Որդիս անտանելի խանդոտ է, չի հանդուրժում, երբ մամային ու պապային տեսնում է էկրաններին, դեռ փոքրուց սկսում էր էկրանի հետ վիճել։
Իսկ ապագայի համար միայն կարող եմ ասել, որ ինչպես ցանկացած հարցում, այստեղ ևս՝ որդիս պետք է ինքնուրույն որոշում կայացնի։

Հեղինակ՝ Լուս Ավագյան