«Եվրատեսիլ 2020»-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին AD պարբերականին հայտնել է հոլանդացի վարակաբան Աբ Օստերհաուն։

«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ մրցույթը կարող է չկայանալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վիճակում կգտնվի կորոնավիրուսի համաճարակը «Եվրատեսիլից» անմիջապես առաջ: Թեև մենք կարող ենք հաղթել վիրուսին, ինչպես 2013 թվականին եղավ SARS-ի դեպքում»,- հայտարարել է նա:

Եվրոպական հեռարձակողների միությունում նշել են, որ համաճարակի պայմաններում դիտարկվում են մրցույթի անցկացման կարգի սահմանափակումների մի շարք տարբերակներ։

«Հնարավոր է, որ սահմանափակումներ մտցվեն շոուի այցելուների թվի առումով, կամ այն տեղի կունենա դատարկ բեմահարթակում, կամ առանձին հեռուստատեսային ստուդիայում: Ամեն դեպքում պետք չէ վաղաժամ խոսել «Եվրատեսիլ 2020»-ի անցկացման հետ կապված հնարավոր խնդիրների մասին: Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպիչներն ու ներկայացուցիչներն ուշադիր հետևում են կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի 65-րդ անգամ: Մրցույթը տեղի է ունենալու Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։