«Չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար». Դևիդ Բեքհեմը՝ արքայազն Հարրիի մասին

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն Entertainment Tonight-ի հետ զրույցում խոսել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝  թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու և Կանադայում բնակություն հաստատելու որոշման մասին, հայտնում է Fox News-ը։

«Հարրիի հետ չեմ խոսել վերջինիս՝ տեղափոխվելու որոշման մասին: Մենք ընկերներ ենք, և մեր ընկերությունն ինձ համար չափազանց կարևոր է: Կարծում եմ՝ նա վայելում է հայր լինելու բերկրանքը. մենք միշտ զրուցում ենք այդ թեմայի շուրջ: Երբ ծնող ես դառնում, ամեն ինչ նոր իմաստ է ստանում»,- ասել է հայտնի ֆուտբոլիստը:

Նրա խոսքով՝ ինքն ու կինը՝ անգլիացի դիզայներ և երգչուհի Վիկտորյա Բեքհեմը, հպարտ են Հարրիով։

«Մենք սիրում ենք նրան: Նա հիանալի անձնավորություն է, և ես չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար»,- հավելել է նա:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ արքայազն Հարրիի և միապետական ընտանիքի մյուս անդամների միջև համաձայնություն է կնքվել ամուսինների հետագա կարգավիճակի մասին: Արքայազնի և նրա կնոջ պաշտոնական կարգավիճակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա գարնանից: