«Հայոց ոդիսական». ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի կունենա մեգահամերգ

ԱՄՆ մայրաքաղաքում փետրվարի 29-ից մինչև մարտի 14-ը Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն՝ «Հայոց ոդիսական. նռան գույներ» խորագրով։

Ինչպես հաղորդում է The Armenian Mirror-Spectator պարբերականը, հայկական մշակույթին նվիրված օրերին մի քանի միջոցառումներ կանցկացվեն, որոնք կմեկնարկեն Վաշինգտոն «Ֆրիր» պատկերասրահում «Սերգեյ Փարաջանովի օրեր» ցուցադրությամբ:

Հաջորդ օրը նույն պատկերասրահում կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Գլխավոր միջոցառումը նախատեսված է մարտի 4-ին Վաշինգտոնի մայր տաճարում: Post Classical Ensemble դասական երաժշտության համույթը կներկայացնի «Հայոց ոդիսական» խորագրով մեգա-համերգը՝ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ։

Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։